Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։

Պատմական հիշողություն է ալանների պատերազմը, իսկ պատերազմների մեջ գերի բռնվելը շատ սովորական,—մնացածը լոկ կենցաղական գծեր են, որոնք ամենայն վեպերի մեջ էլ կարող են մտնել և մտնում են։ Դրանցից մեկն է «ոսկէօղ, շիկափոկ պարանի» գործածությանը։ Պարանը մարտիկ ցեղերի մեջ շատ հնուց միշտ ծառայել է կենդանի որս—գազաններ և մարդիկ բռնելու համար։ Դեռ Հերոդոտը հիշում է պարանն իբրև իրանացոց զենք։ Ինչպես Հովսեպոսի Պատմությունից երևում է, մեր թ. 1-ին դարում հայերի հետ կռվող ալանները պարանն իբրև զենք գործ են ածել Հայոց թագավոր պարթև Տրդատի դեմ։ Մի անգամ որ պարանը կարևոր զենքերից մեկն է եղել հին ժամանակաշրջանում, բնականաբար դա կարող էր և հայոց Վիպասանքի մեջ մտնել, ինչպես և Շահնամայի մեջ սիրելի զենք է պարանը։ Նույնիսկ մինչև այժմ էլ մեր «Սասնա Ծռերի» մեջ ևս տեսնում ենք պարանը, որ մեր դարու զենք չէ հարկավ, այլ շատ հին ժամանակից է գալիս։ Ոստանա իշխանը «կապ էթալ, զՄհեր կապից։ Մհեր ձիով ինկավ կապ»։ Դա հնության մնացորդ է։ Արտաշես թագավորը պարանով բռնում, փախցնում է իր հարսնացու աղջկան։ Թե նախնական ազգերի մեջ կանայք որսի առարկա են եղել և արշավանքներ են գործվել բռնի կերպով կին ձեռք բերելու համար՝ այդ հանրածանոթ է։ Դա հեռավոր հնության վայրենի կենցաղական գծերից մեկն է, որի հետքերը մինչև վերջերս դեռ երևում են ոչ միայն մեր հարսանեկան և ուրիշ երգերի մեջ, այլև նույնիսկ մեր կենցաղի մեջ։ Աղջիկ առևանգելու սովորությունը մինչև վերջերս դեռ չէր վերացած մեզանում։ Ուստի և շատ բնական է մեր «սիրողի երգի» մեջ կարդալ տղայի կողմից աղջկան ասած. «Ջիրինտ էնեմ վրադ կիգամ էլղարով (=արշավելով)»։ Այսպես և դեռ լսում ենք.

Փեսան կուգա սուրով զարով,
Մարդը շատ է՝ կառնե զոռով։

Կամ հարս տանելու ժամանակ երգում են․

Աղբոր շուշեն կոտրտեցին,
Քրոջ վալեն պատռտեցին։

Հարսի հափշտակությունը կամ առևանգումը պատմվում է շատ ազգերի վեպերի մեջ՝ սկսած Հոմերոսից մինչև ռուսաց վեպը և քրդական