Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգերը։ Ռուսաց Վլադիմիրն իր դիցազն Դունային ուղարկելով հարս բերելու, տալիս է նրան զինվորներ ու շատ ոսկի և ասում է․ «Գնա այն քաջ Լիթովացոց աշխարհը և բարի խոսքերով աղջիկ ուզիր. բայց թե որ խաթրով չտան, կանգնիր զորով առ»։ Ոսկին գլխագնի (վարձանք, բաշլըղ) համար է, իսկ զորքը՝ աղջիկը կռվով առնելու համար։ Հնագույն ժամանակների աղջիկ ուզելու այս երկու եղանակներից գլխագինը մի փոքրավելի ուշ է երևան եկել, բայց երկու եղանակն էլ երկար ժամանակ շարունակ միասին գոյություն են ունեցել, և գործ են դրվել մերթ մեկ եղանակը, մերթ մյուսը, երբեմն երկուսն էլ միաժամանակ։

Արտաշեսը Վիպասանքի մեջ այն է անում, ինչ որ մինչև վերջերս երբեմն անում էին լեռնցիները, երբ իրենց ուզած աղջկան չէին ուզում տալ աղջկա ծնողները, կամ երբ իրենց հարսնացուի համար մեծ գլխագին էին ուզում։ Նրանք երբեմն բռնի կերպով փախցնում էին աղջկան։ Արտաշեսն աղջկանը փախցնելուց հետո՝ նրա հորը տալիս է մեծ վարձանք՝ «մորթ կարմիր, լայքա շատ և ոսկի բազում»։ Այս ևս մի սովորական կենցաղային գիծ է, որ մինչև վերջերս հարատևում էր հայերի մեջ։ Աղջիկը փախցնելուց հետո գլխագին էին տալիս նրա ծնողներին և հաշտվում, ապա հարսանիք անում։ Եվ իրավ, Խորենացին անմիջապես անցնում է հարսանիքին, բերելով հարսանքի նկարագրից մի փոքրիկ կտոր միայն․

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթենիկանն։

Խորենացին այս հատվածը մեկնում է այսպես․ «Քանզի սովորութիւն իսկ էր թագաւորացն մերոց, փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել՝ դահեկանս ճապաղել․․․ սապէս և թագուհեացն յառագաստին՝ մարգարիտ։ Այս է ճշմարտութիւն բանիցս» (Բ․ 50)։ Հայոց թագավորների ու թագուհիների այդ սովորությունը, հայտնի է, մինչև վերջերս պահում էին մեր «թագավորներն» ու «թագուհիները», ինչպես կոչվում են հարսն ու փեսան հարսանիքի ժամանակ։ Շատ տեղ, երբ նորապսակները եկեղեցուց դուրս էին գալիս, մանր դրամներ էին ցրվում։ Գյուղերում, հարկավ, փող ցրվելը շատ չէր պատահում, բայց փողի փոխանակ չամիչ, մրգեղեն կամ ցորեն և այլ շաղ տալը սովորական էր։ Հարսանիքի ժամանակ փող ցրվելու նոր սովորությունը գտնում ենք և Շահնամայի մեջ։

4․ «Գրգռութիւն ընդ Սմբատայ զարմիցն Արտաշիսի և ընդ միմեանս»։- Այս ճյուղի պատմվածքն սկսվում է Սմբատի գովքով և թագավորների դեմ ապստամբություններով։ Սմբատը զորքով գնում է նախ ալանների երկիրը՝ Սաթենիկի եղբորն օգնելու ապստամբների դեմ և այստեղից գերիներ է բերում, բնակեցնում Արտազում։ Հետո նա գնում է Գեղմանց լեռան և Ծովեզրային կողմերը, Պարսից թագավորի չենթարկվողներին հնազանդեցնում է, ինչպես և զսպում է հայոց թագավորից