ապստամբած կասպերին, ու շատ գերիներ բերում։ «Վասն որոյ արժանի ըստ վաստակոցն պարգևէ նմա Արտաշէս զմասն արքունի, որ ի շէնս Գողթան, և զՈւղտու ակունսն, և առ այսոքիւք՝ և զաւարն ամենայն նմա թողու»։ Սմբատն, ուրեմն, փառավորվում է և վարձատրվում իր հավատարիմ ծառայությունների համար։ Հետևանքը լինում է այն, որ արքայորդի՝ «քաջ անձնահաճ և հպարտ» Արտավազդը, նախանձում է Սմբատին և ուզում է սպանել նրան։ Սմբատը թողնելով զորքի իշխանությունը՝ քաշվում է Տմորիք, և Արտավազդը դառնում է ընդհանուր զորավար։
Այժմ էլ սրան եղբայրներն են նախանձում «ի գրգռութենէ կանանց իւրեանց»։ Այդ ժամանակ «կարգէ Արտաշէս զՎրոյր՝ հազարապետ, զայր իմաստուն և բանաստեղծ, և հալատայ ի նա զամենայն գործս տանն արքունի, և զՄաժան կարգէ քրմապետ ի յԱնի դիցն Արամազդայ»։ Նա զորքի իշխանությունը չորսի է բաժանում, արևելյանը թողնում է Արտավազդին, արևմտյանը տալիս է Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհին, իսկ հարավայինը հավատում է Սմբատին։ Ապա պատմվում է նախ Վրաց արքայի, հետո Դոմետիանոսի դեմ պատերազմները, որոնց մեջ մեծ հաջողություն է ունենում դարձյալ Սմբատը։ Եվ վերջապես, թե՝ Մաժանը մատնություն է անում Արտավազդի ու Տիրանի մասին՝ իր դայակ Սմբատի համար քեն պահած լինելով նրանց դեմ, և սպանվում է նրանց ձեռքով։
Այս ճյուղին է պատկանում նաև Տիրանի ձիերի մասին պատմվածքը (Բ. 62), ինչպես և նրա փեսա Տրդատ Բագրատունու զրույցը (Բ. 63)։
Պարզ երևում է, որ վիպասանը նպատակ է ունեցել այս ճյուղով մի կողմից՝ փառավորել Սմբատին, մյուս կողմից՝ պատկերացնել թագավորական ընտանիքի անդամների մեջ տեղի ունեցող նախանձն ու գրգռությունն ի ձեռն կանանց, ինչ որ արևելյան հին իշխողների մեջ հաճախ արյունահեղ վախճան է ունեցել։
5․ Վիշապազանց պատերազմը։— Հին առասպելական հավատալիքները հեշտությամբ չեն մոռացվում։ Մինչև մեր օրերը հարատևել են նաև վիշապների մասին առասպելները։ Դրանք առասպելական էակներ են օձի կերպարանքով և հաճախ նույնացվում են հենց օձերի հետ։ Հայաստանի լեռներից շատերի համար ցարդ առասպելաբանում է ժողովուրդը, թե վիշապներ են կենում նրանց մեջ։ Նրանք բնակվում են քարայրերում, ուր և ունեն իրենց ապարանքները կամ տաճարները, ունեն իրենց թագավորներն ու թագուհիները, զորքն ու զորավարը, և իրար դեմ կռիվներ են մղում բոլորովին նման մարդկային կյանքին ու թագավորության։ Այդ վիշապներն իբր իսկապես մարդիկ են, միայն «օձեղեն շապկով», որ ուզած ժամանակ հանում են և մարդկային կերպարանք ստանում։ Նրանք մարդկանց հետ հարաբերություն ունեն և նրանց կանանց հետ սեր էլ են անում։ Ի թիվս այլ լեռների այդպիսի վիշապներով բնակված է համարվում և Մասիսը, որ կոչվել է նաև «Սեաւ լեառն», «Մութն աշխարհ»։ Հին ժամանակից ցայսօր Մասիսի վիշապների մասին, ինչպես Տիգրանի վեպի մեջ տեսանք, «պեսպես բաներ», «անյայտ իրք» են պատմում։ Այդ