Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սաթինիկ տիկինը տենչում է Արգամի բարձերից ունենալ հմայքի–բժժանքի բույսերը՝ արտախուր խավարտ և խավարծի փունջ [տից = տցակ] ըստ հմայական հավատալիքի, որով մեկին սիրահարեցնելու համար նրա բարձերի կամ զգեստի մեջ կարում էին բժժանքները և հետո առնում։

Թե այս առասպելը, որ այժմ հեքիաթի բնավորություն ունի, կարող էր հին ժամանակ հայերի մեջ վիպասանքի և նույնիսկ երգի նյութ լինել՝ այդ մասին կասկածել կարելի չէ, քանի որ նույն առասպելը Չեռնագորիայում վիպական երգ է, բացի այդ՝ նույնը, այլև մի քանի ուրիշ հին առասպելներ, երևան է գալիս և մեր «Սասնա Ծռերի» մեջ։

Վիշապների դեմ կռվի այս առասպելին միացել է վիշապների և մի ուրիշ առասպել,—Արտավազդի փակվելը Ազատ Մասիսի մեջ։

6. Արտաշեսի մահն և անեծքն Արտավազդին։— Այս վերջին ճյուղի թեման է հոր և որդու հարաբերությունը և հոր անեծքի զորությունը, որին ցարդ հավատում է ռամիկը։ Դրա համար նախ պատմվում է Արտաշեսի շինարարությունը (Խոր․, Բ․ 56, 59), որով նա սիրելի է դառնում աշխարհին, և ապա նրա հիվանդանալը, մահն ու փառավոր թաղումը Խոր., Բ. 60)։ Հոր այս փառքին նախանձել է Արտավազդը, դժվարացել է և ասել է, դիմելով հորը.

Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ։

Այդ պատճառով հայրն անիծել է նրան ասելով.

Եթէ դու յորս հեծցիս
յԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
յԱզատն ի վեր ի Մասիս․
Անդ կայցես, և զլոյս մի՛ տեսցես։

Եվ անեծքը կատարվել է։ Նա քաջքերից բռնվելով որսի ժամանակ՝ շղթայվում է Մասիսի այրերից մեկի մեջ։ Այստեղ վերջանում է վեպի պատմվածքը։

Վիպասանքն ևս, ինչպես «Սասնա Ծռերը» Մհերի համար, ունեցել է իր վերջաբանն Արտավազդի մասին։ «Զրուցեն զսմանէ և պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. և երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն՝ ջանայ ելանել և առնել վախճան աշխարհի, այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն։ Վասն որոյ և առ մերով իսկ ժամանակաւ,—ավելացնում է Մ. Խորենացին,—բազումք ի դարբնաց՝ զհետ երթալով առասպելին՝