յաւուր միաշաբաթւոջ երիցս կամ չորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ»։— Այս ավանդությունը երկար դարեր պահվել է հայերի մեջ։
Լեռան մեջ փակվելու այս վիպական պատմվածքը տարածված է շատ ազգերի մեջ։ Նույնը կա և մեր նոր վեպի մեջ Մհերի վրա պատմված[1]։
7. Արտավազդի բնավորության երկվությունը։— Արտավազդի առասպելը, բացի Խորենացուց, հիշում են նաև ուրիշները։ Ըստ Եզնիկի՝ Արտավազդին կապած պահում են վիշապները. «Եւ ոչ որս երբէք՝ որպէս մարդկան արարեալ են վիշապաց, կամ առնիցեն. և ոչ տաճարք [=ապարանք] իբրև մարդկան են նոցա ի բնակութիւն, և ոչ զոք ի թագաւորազգեաց և ի դիւցազանց ունին կապեալ առ իւրեանս կենդանի… Այլ որպէս զԱղեքսանդր խաբէին դևք, թէ կենդանի կայցէ… Նոյնպէս և մոլորութիւնն դիւաց խաբեաց զդիւցապաշտս Հայոց, եթէ զոմն Արտաւազդ անուն արգելեալ իցէ դիւաց, որ ցայժմ կենդանի կայ, և նա ելանելոց է և ունելոց զաշխարհս, և ի սնոտի յոյս կապեալ կան անհաւատք, որպէս և Հրեայք՝ որ ի զուր ակնկալաթիւն կապեալ կան, եթէ Դաւիթ գալոց է՝ շինել զԵրուսաղէմ և ժողովել զՀրեայս, և անդ թագաւորել նմա նոցա»։
Կապված Արտավազդը, Եզնիկի պատմածի համեմատ, ներկայանում է իբրև թագավորազգի կամ դիցազն, և հայերը նրան սպասում են, որ ելնե և տիրե աշխարհին։ Այս զրույցով նա բարի բնավորություն ունի, ուստի և նրան կապողները չար են՝ վիշապներ։ Մենք տեսանք՝ Վիպասանքի մեջ Արտավազդը նույնպես թագավորի որդի է, որ կռվելով վիշապների դեմ, ներկայանում է իբրև դիցազն։ Դա կապված Արտավազդի զրույցի սկզբնական ձևն է։ Պատմականորեն դա Մեծն Տիգրանի որդի Արտավազդն է, մարերի (= վիշապազների) թշնամին, որին Անտոնիոսը՝ մարերի հետ դաշնակցած՝ խաբեությամբ բռնում, շղթայում ու տանում է Եգիպտոս։ Երևի իր ժամանակին սպասել են, որ նա գերությունից ազատվի և գա վերստին տիրի Հայոց աշխարհին։ Բայց այս ակնկալությունը չի կատարվել։
Այնուհետև կապված Արտավազդի այս պատմական զրույցը շփոթվել է Հրոuդենի ձեռով շղթայված Աժդահակի առասպելի հետ, որ շատ հին ժամանակներում իրանացիներից փոխադրված է եղել հրաբխային Մասիս լեռան վրա, և Աժդահակ անվան տեղ անցել է Արտավազդ անունը։ Զրույցի այս զարգացման հետևանքով Մասիսի մեջ կապված Վիշապ Աժդահակի, այդ չար ոգու առասպելն ազդել է Արտավազդի պատմական զրույցի վրա։ Ուստի Արտավազդը Վիպասանքի մեջ եթե մի կողմից՝ հանդիսանում է իբրև վիշապների—մարերի դեմ կռվող քաջ արքայորդի, որին, ըստ Եզնիկի, կապում են վիշապները, մյուս կողմից՝ նա ունի չար ու
- ↑ Տե՛ս Մ․ Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 354—379, ուր և «ք ա ջ ք ե ր ի» մասին մանրամասնություններ։