Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առասպելի մեջ պատմել են, թե Վարդգես Մանուկը գաղթելով Տուհաց գավառից, գալիս նստում է Շրեշ բլրի[1], Արտիմեդ քաղաքի, Քասաղ գետի մոտերը «կռել կոփել զդուռն Երուանդայ արքայի»։ Նա կին է առնում քրոջն այս թագավորի, որ վիպական Մեծն Տիգրանի հայրն է, և շինում իր անունով ավանը, որի մեջ Տիգրան թագավորը գերիներ է բնակեցնում, և ավանը մեծանում է։ Եվ այդ ավանը Վաղարշը պատում է պարսպով ու հզոր պատվարով և անվանում Վաղարշապատ (Խոր․, Բ. 65)։

Նկատենք, որ «կռել կոփել զդուռն» նշանակում է դուռը թակել, ծեծել, իսկ մեկի «դուռը թակել, ծեծել» մինչև վերջերս մի քանի տեղ հայերի մեջ նշանակում էր մեկի աղջիկն ուզել։ Այդ մի դարձված է, որ երևի հին սովորությունից է ծագում։ Մեր հեքաթների մեջ ցարդ ևս թագավորի աղջիկն ուզելիս՝ խնամախոսը գնում թագավորի դուռը ծեծում է և նստում դռանը «խնամաքարի» վրա, որ նշան է, թե աղջիկն ուզում են։ Ուրեմն «կռել կոփել զդուռն Երուանդայ արքայի» նշանակում է նրա աղջիկն ուզել։

Պետք է նկատել և հետևյալը։ Ըստ Խորենացու Վաղարշը վիպական Արտաշես թաղավորի թոռն է, նրա որդի Տիգրանի որդին, մյուս կողմից՝ նա մեր երկրորդ հին վեպի, «Պարսից Պատերազմի» սկզբում հանդես եկող վիպական Մեծն Խոսրովի հայրն է։ Այդ վիպական անձով, Վաղարշով, ուրեմն, մեր երկու հին վեպերը կապվում են միմյանց հետ։

2. Ուրիշ զրույցներ։— Վիպասանքի ցիկլից են նաև վիպական Արտաշեսի որդիների՝ Տիրանի ու Տիգրանի մասին պատմածները, այլև Տրդատ Բագրատունու զրույցը (Խոր․, Բ․ 62, 63, 64)։

Նույն ցիկլին պատկանել է նաև Գրիգոր Մագիստրոսի իր նամակներից մեկի մեջ[2] բերած հատվածը—«ի գռեհիկս աւանդեալ», որ «Պարթև Արտաշէսն» ասել է վախճանվելիս.

Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց,
Եւ զվագելն եղջերուաց.
Մեք փող հարուաք,
Եւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն է թագաւորաց։

  1. Վաղարշապատցիք ի հնուց Շրեշ բլուր էին կոչում գյուղից հյուսիս ընկած բլուրը։ Դա 1870-ական թվականներին բավական մեծ և բարձր հողաբլուր էր, շուրջը կես մետրաչափ բարձրությամբ սրբատաշ քարերով պատած։ «Պեղումները ցույց տվին, որ սա եղել է նեկրոպոլ, սկսած հղկած քարի շրջանից մինչև երկաթե դարը ներառյալ։ Վերին շերտերում գտնվել են երկաթե, միջինում բրոնզե, իսկ ստորինում քարե իրեր։ ․․․Տեղ–տեղ բացվեցին մոխրակույտեր՝ խառն մարդկային և կենդանիների ատամների ու կարծր մասերի այրված կտորներով։ Սրանց մոտ կային քարե մուրճեր», և այլն․ տե՛ս Երվանդ Լալայան, Դամբարանների պեղումներ Խորհրդային Հայաստանում, Երևան, 1931, էջ 61 և հտն․։
  2. Կ․ Կոստանյանց, Գրիգոր Մագիստրոսի Թղթերը, Աղեքսանդրապոլ, 1910, Թուղթ ԼԳ, էջ 87։