Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիպերն ի դեմս Տիգրանի, Արտաշեսի և Երվանդի ու Սմբատի։ Թե այդ նկարագիրները գլխավորապես երգիչներինն են, այդ պարզվում է նրանով, որ դրանք, հակառակ Խորենացու, վերաբերում են իրապես պատմական Մեծն Տիգրանին։ Այստեղ տեսնում ենք, թե ինչպես վիպասանները,—ինչպես և ինքը Խորենացին հետևելով իր աղբյուրներին,— գովել են իրենց թագավորներին և ստեղծել են կատարելատիպեր, որպիսիք կցանկանային, որ լինեին իրենց թագավորներն ու զորավարները։

Հակառակ քրիստոնեական ճգնավորական ոգուն, որով մարմինը ոչինչ էր համարվում, մեր առասպելների և Վիպասանքի մեջ, նույնիսկ հին քրիստոնյա Պատմագրի բերած բովանդակությամբ, տեսնում ենք, որ ամենից առաջ առանձին ուշադրություն է դարձրած դիցազների ֆիզիկական առաքինություններին, նրանց մարմնին և անգամ զարդարանքներին։ Հերոսներն ընդհանրապես օժտված են արտաքին գեղեցկությամբ և ուժով, հաջողակ և արագ շարժումներով։ Տիգրանն իր մարմնով մի «սքանչելի դիւցազն» է, «խարտեաշ և աղեբեկ ծայրիւ հերաց. երեսօք․ գունեան և մեղուակն, անձնեայ և թիկնաւէտ, առոգաբարձ և գեղեցկոտն, քաջահասակ, ամենևին բոլոր անդամովք համեմատ և ի գեղեցկութիւն աւարտեալ հասակի, առոյգ, ամենայնիւ ըստ իրեարս պատշաճեալ և ուժով ոչ զոք անելով իւր զոյգ»։ Մի խոսքով, նա «հասակաւ և բնութեամբ» կատարյալ դիցազն է, որ «նիզակաւ օրինակ իմն որպէս զջուր հերձեալ զերկաթի ամուր հանդերձն»։ Աժդահակի երազի մեջ Տիգրանին ծնող կինն է «ծիրանազգեստ, երկնագոյն ունելով զիւրեաւ տեռ, աչեղ, բարձրահասակ և կարմրայտ»։ Տիգրանուհին է «գեղեցիկն ի կանայս», «խորագէտ գեղեցիկն»։ Տիգրանին շրջապատողներն ևս գեղեցիկ են, և արք ու կանայք պճնված իրենց պատվական գույնզգույն զգեստներով, արծաթի, ոսկի զարդարանքներով ու պատվական ակներով, «որովք տգեղագոյնքն իբրև զգեղաւորս երևէին սքանչելիք, և գեղաւորքն․․․ առհասարակ դիւցազնացեալք»[1]։

Մարմնի այս արժեքը երևան է գալիս ավելի կամ պակաս չափով նաև ուրիշ հերոսների վրա։ Երվանդն է «սրտեայ և անդամովք յաղթ». նրա մայրն ևս «անձամբ հարստի և խոշորագեղ» է։ Սմբատն «այր քաջ» է, «ունէր հասակ անդամոց՝ համեմատ քաջութեանն․․. գեղեցկութեան ալեօք վայելչացեալ․․. ի վերայ շոյտ անձին և մարմնոյ՝ զգոյշ յամենայնի, և տուչութին յաջողուածոց ունէր ի մարտս առաւել քան զամենայն ոք»։ Եթե առասպելներին դիմենք, այստեղ էլ Հայկը ներկայանում է որպես մի

  1. Դա իսկապես պատմական Մեծն Տիգրանի իրեն և իր պալատականների նկարագիրն է, որի հիշողությունը մնացել է վեպի մեջ։ «Արքունիքն՝ ունայն շքով և պերճութեամբ արկանէր ահ ժողովրդեան, որ տղայն էր։ Թագաւորն մեծապատիւ մեծարեալ, մինչև կոչիլ աստուած, ոչ երբէք երևէր ի հրապարակի, եթէ ոչ մեծաշուք սպասու, զգեցեալ պատմուճան նկարէն, գաւազան, ի սպիտակէ և ի կարմրոյ, և վերարկու ի ծիրանւոյ խորշխորշան․ գլուխն պսակեալ բարձր աստեղազարդ խուրիւ» (Դիոն Կաս. ԼԶ․ 52)։ Փարթամացած իշխաններն ևս անշուշտ հետևում էին իրենց թագավորի օրինակին։