Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղթանդամ մարմնով վիթխարի հսկա, բայց ոչ անհեդեդ, ինչպես ուրիշները, այլ «գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ, կորովաձիգ և հաստաղեղն և արագաշարժ մեծ դիւցազն» («մեծդ ի դիւցազանց»)։ Նրա մարդիկն ևս «կորովիք էին յաղեղն և ի սուսեր»։ Արան գեղեցիկ է, այնպես որ այս մակդիրն անբաժան է նրա անունից, բայց միանգամայն քաջամարտիկ է նա։ Անգեղյա Տուրքը սրտյա է, վիթխարի հասակով և ուժով, պողպատի նման պինդ մարմնով։ Նրա տգեղությունը, ինչպես տեսանք, «անգեղեայ» բառի սխալ բացատրության հետևանքով է ծագած։ Առնական ուժի և գեղեցկության նույն գաղափարն ենք գտնում նաև խարտյաշ պատանյակ Քաջն Վահագնի մեջ իր հրեղեն մազերով և արեգակնափայլ աչքերով։

Հերոսները մարմնի գեղեցկության և ուժի հետ ունեն նաև հոգեկան ուժ ու գեղեցկություն։ Նրանք արի ու քաջ են, հաղթող, իմաստուն, զգաստ ու պերճախոս, թագավորները նաև արդարադատ ու շինարար։ Արություն ու քաջություն, իմաստություն ու զգաստություն և պերճախոսություն, թագավորի համար նաև արդարադատություն,— ահա առաքինության այնպիսի մի ըմբռնում, որ շատ մոտենում է հին հունական վիպական ըմբռնումին։

Պատմագիրը կամ իր գրավոր աղբյուրը, որ ունեցել է Տիգրանի համար (տե՛ս «Մ․ Խորենացի», պարագրաֆ 8), անշուշտ քերթողաբար զարգացրել է այս հատկությունները, հետևելով հունական հռետորությանը։ Բայց ընդունելով հանդերձ այդ, պետք է կրկնել, որ Տիգրանի պատմությունը շինծու չէ, այլ առնված է ժողովրդական երգերից։ Ինչքան էլ առաջին գրողը, «արգասաւորն ի բանս» քերթողն, այդ պատմությունը «Պիտոյից» կանոններով մշակել է,֊ ինչպես է իրոք,–նրա արած պատմությունը երևակայական ու «կամամտածական» չէ։ Այսպես և ինչքան էլ նա, կամ Խորենացին, Տիգրանի մարմնի «գեղեցկությունը, զորությունն ու արագությունը» և հոգեկան հատկությունները գովեր այնպես, ինչպես պահանջում էր «Ներբողյանի սահմանը», կարելի չէ ասել, թե այդ գովեստի գծերը «կամամտածական» լինեն, և ոչ թե մեծ մասամբ բուն աղբյուրից՝ ժողովրդական երգից առնված։ «Ներբողեան է բան արտադրական ե ղ ե լ ո յ բ ա ր ե ա ց», ասված է Պիտոյից գրքի մեջ (էջ 413) ամենից առաջ, և ոչ թե կամամտածական մի բան։ Այսպես և հետո ներբողյանի համար իբրև օրինակ դրված «Մովսեսի ներբողյանի» մեջ (էջ 417 և հտն., ժ․ ժա․ ժբ․) հեղինակը գովում է Մովսես մարգարեի մարմնի «գեղեցկությունը, զորությունը և արագությունը» և այլն, բայց նա այդ ամենն իրենից չի ստեղծում, այլ Աստվածաշնչից է առնում, կամ Մովսեսի կյանքի այս կամ այն դիպվածից հանում։ Բայց որքա՛ն դժգույն է այդ ամենը․ ոչ մի մակդիր, ոչ մի կենդանի նկարագիր․ իսկ, ընդհակառակն, Տիգրանի և մյուս հայկական վիպական հերոսների գովեստը որքա՛ն կենդանի է, վառ ու գունավոր, և մակդիրներով հարուստ։ Այս մեծ տարբերությունն առաջացել է ոչ միայն հեղինակների շնորհքի տարբերությունից, այլ ավելի այն հանգամանքից, որ Տիգրանի ներբողյանի հիմքը, սկզբնական աղբյուրը եղել է Վիպասանքը։ Ժողովրդականի մեջ արդեն պատրաստ գտել է ներբողյանի հեղինակն իր մակդիրների ու նկարագիրների մի մասը։

Այդ հատկությունների վիպականությունը հաստատվում է մեր դիցաբանությամբ, որ մեզ հայտնի է ուրիշ աղբյուրներից։ Կարելի չէ ենթադրել, թե այս վերջինների քրիստոնյա հեղինակներն այդ հատկությունները