Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերագրած լինեն աստվածներին, քանի որ նրանք աստվածների այդ հատկությունները մեջ են բերում այն ժամանակ, երբ աստվածների վատ ու սնոտի լինելն են ուզում ցույց տալ։ Ագաթանգեղոսի մեջ Վահագն աստծու մակդիրն է՝ քաջն, «Քաջն Վահագն», որից քաջություն էին հայցում։ Արությունն է ամենամեծ աստուծու, աստվածների հայր և երկնքի ու երկրի ստեղծող Արամազդի հատկանիշը․ «արի» մակդիրն էլ նրա անվան կից է՝ «Արին Արամազդ»։ Նրա արությունն իր գործունեության նպատակ ունի հասարակաց բարօրությունը, երկրի շինությունը։ Արի Արամազդն իր արությամբ «լիություն ու պարարտություն» է շնորհում աշխարհին։ Այսպես և վեպի մեջ երգվել է, թե Տիգրանն իր արիությամբ հարստացրել է երկիրը։ «Արանց կացեալ գլուխ և արութիւն ցուցեալ՝ զազգս մեր բարձրացոյց… Մթերս ոսկւոյ և արծաթոյ և քարանց պատուականաց և զգեստուց և պէս պէս գունից և անկուածոց,,, բազմացոյց»[1]։ Վեպի մեջ ևս արության հետևանքն այն է լինում, որ աշխարհը շեն է մնում․ «խաղաղութեան և շինութեան բերող՝ իւղով և մեղու զհասակս ամենեցուն պարարեալ», ասում է երգիչը, դրանով արտահայտելով նաև իր խաղաղասեր ու շինարար ոգին[2]։

Նույն շինարարությունը տեսնում ենք նաև Երվանդի, Արտաշեսի ու Սանատրուկի, այլև Հայկի ու Շամիրամի համար, որոնք քաղաքներ կամ դաստակերտներ ու ավաններ են հիմնում, անտառներ տնկում, ինչպես նույնն անում են և մեր նոր վեպի մեջ։ Արտաշեսը երկիրը բազմամարդացնում է «եկամուտս բազումս ածելով ազգս և բնակեցուցանելով ի լերինս և ի հովիտս և ի դաշտս»։ Նա հոգ է տանում երկրագործության և արվեստների համար։ «Ասի ի ժամանակս Արտաշիսի ոչ գտանել երկիր անգործ յաշխարհիս Հայոց, ոչ լեռնային և ոչ դաշտային, յաղագս շինութեան

  1. Սաստիկ ժիր, եռանդուն և արի է նկարագրվում Մեծն Տիգրանը․ մի մարդ, որ մոտ 45 տարեկան հասակում թագավորում է, քսան և հինգ տարի շարունակ քաջության և աշխարհակալության գործերով զբաղվում․ մոտ յոթանասուներկու տարեկան հասակում (69—68 թ. մ․ թ․ ա.) ձմեռը կտրումդ անցնում է «զամենայն աշխարհս Հայոց կոչել զերիտասարդս ի զէն վասն հայրենի աշխարհին»․ գրում է «զբովանդակ աշխարհն ի զինուորութիւն, կալեալ զուժեղագոյնսն միայն ընդ դրօշու»․ բաժանում է այդ զորքը վաշտերի ու գնդերի և կրթում է կարճ ժամանակում, որչափ հնար է, «ըստ Հոռոմոց օրինի», որպեսզի կարողանա գարնանը հռոմայեցի լեգեոնների դեմ կռվել։ Ահա «արութիւն ցոյց տւող» թագավորը։
  2. Այդ էլ, երևի, մի պատմական հիշողություն է։ Մեծն Տիգրանի ձեռով նվաճված Ասորիքի համար ասում է պատմությունը․ «Ոգի ա՛ռ Ասորւոց աշխարհն զամս չորեքտասան (Ապպիան, 17), թէպէտ ընդ օտար իշխանաւ՝ վայելեցին խաղաղութիւն, հանգիստ և աւուրս բարենշանս»։ Եթե օտար աշխարհն այսպես բարգավաճում էր նրա օրով, որչա՞փ ևս ավելի բուն հայ երկիրը։ Նվաճված ազգերի ավարով լիացած ու փարթամացած՝ անշուշտ հանգիստ էր վայելում Հայաստանը, որի շինության համար՝ հելլենիզմին հետևող Տիգրանը հրեաներ և հույներ էր գաղթեցնում։ Եվ որքա՜ն գեղեցիկ ու բուն վիպական ձևով է արտահայտված այդ շինությունն ու լիությունը․ «Իւղով և մեղու զամենայն հասակ պարարեալ», որ անշուշտ ժողովրդական երգի խոսքերն են։ Յուղ ու մեղրը մինչև այժմ մեր ժողովրդի մեջ վիպական սիրելի կերակուրն է։