հասկացություն չենք կարող կազմել Վիպասանքի ոճի մասին, դրա համար պետք է առանձնապես նկատի ունենալ այն փոքրիկ հատվածները, որ բառացի մեջ են բերված առասպելներից ու Վիպասանքից։ Դրանցից մեկն է Վահագնի երգը, որ խորին հնությունից է գալիս և, թեպետ ուշ ժամանակում գրի առնված, ոչ միայն իր բովանդակությամբ, այլև ձևով կրում է նախնական բանաստեղծության դրոշմը։ Երգիչը Վիշապաքաղի ծնունդը նկարագրում է դանդաղ, առանց շտապելու։ Նա նյութը զարգացնել չգիտե, զարգացման տեղը բռնում են պարզապես կրկնությունները, որ՝ առանց ձանձրալի լինելու վախի՝ անում է նա։ Բայց արդեն երևում է որոշ արվեստ։ Բանաստեղծը գիտե գեղեցիկ մակդիրների գործածությանը, ինչպես՝ ծովն ծիրանի, որ մինչև մեր օրերն էլ գտնում ենք հնությունից եկող մի ժողովրդական աղոթքի մեջ՝ «երկինքն ծով ծիրանի». կարմրիկ եղեգնիկ, խարտեաշ պատանեկիկ, հուր հեր, բոց մօրուս։ Ապա՝ բանաստեղծը գիտե մի ուրիշ եղանակ ևս․ նա, ինչպես հատուկ է մեր ժողովրդական երգին, բանեցնում է նվազական-փաղաքշական բառեր, օրինակ՝ կարմրիկ, եղեգնիկ, պատանեկիկ, աչկունք (=աչիկներ)։ Նա գործ է ածում հանգիտություն, որ նույնպես հատուկ է ժողովրդական երգին, օրինակ՝ «երկնէր երկին, երկնէր երկիր, ծովն ծիրանի, հուր հեր, աչկունք-արեգականք»: Եվ վերջապես այստեղ կրկնությունների մեջ գտնում ենք զուգահեռականություն ասածը, օրինակ՝
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի։
Այսպես նաև հետևյալը.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս։
Այս միևնույն արվեստը երևում է և Արտաշեսի վեպից ըստ երևույթին բառացի բերված հատվածների մեջ։ Օրինակ՝ մակդիրներ, որոնց գործածությունը բոլոր սկզբնական բանաստեղծությունների եղաններից մեկն է․—«այր քաջ (Արտաշես), քաջ ազգին (ալանաց), աչագեղոյ դստերս (ալանաց), ազգաց քաջաց, քաջն Արտաշէս, քաջազգի կոյս օրիորդ, արի արքայն, Սեաւն գեղեցիկ, ոսկէօղ շիկափոկ պարան, արծուի սրաթև, փափուկ օրիորդ, տեղ ոսկի»։ Զուգահեռականությունները՝
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն։
Կամ հետևյալները՝
«Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն»։