Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Եթէ դու յորս հեծցիս
յԱզատն ի վեր ի Մասիս,
Զթեղ կալցին քաջք, տարցին
յԱզատն ի վեր ի Մասիս»։

Բացի այդ՝ վիպասանը գիտե Սաթինիկին փախցնելու պատմվածքի մեջ խոսքին տալ բովանդակության պահանջած ձևը—կտրուկ արագություն ու լարվածություն, որ առաջանում է խոսքերը դերբայով կազմելուց։

Թեպետ և բառացի համարված հատվածիկների բնագրի ճշտության համար ևս ապահով չենք, բայց և այնպես հնարավոր է լինում որոշել մեր հին վեպի մեջ գործածված չափը։ Կատարյալ երաժշտականություն չունեն այդ երգերը, բայց ունեն որոշ ռիթմ։ Այդտեղ գտնում ենք արձակին շատ մոտիկ ազատ ոտանավորի մի ձևը, պարզոտնյա խառն ոտանավորը, որ հատուկ է մեր մի շարք հին հոգևոր երգերին և մի քանի ժողովրդական վիպական երգերին, ինչպես և «Սասնա Ծռերին», վերջինիս թե՛ երգված և թե՛ պատմված մասերի մեջ[1]։ Տողերի մեջ վանկերի թվի նույնություն անհրաժեշտ չէ։ Բայց Վահագնի երգի մեջ առանձնապես գտնում ենք տողերի որոշ չափակցություն, ինչպես լինում է բարդոտնյա խառն ոտանավորների մեջ։ Առաջին երկու տողերը, որոնք իրար զուգահեռական են, կշռվում են 5-րդ և 6-րդ տողերի հետ, որոնք նույնպես իրար զուգահեռական են․ իսկ 3-րդ ու 4-րդ տողերը, որոնք մի ամբողջություն են կազմում, կշռվում են 7-րդ և 8-րդ տողերի հետ, որոնք նույնպես մի ամբողջություն են կազմում։ Վերջընթեր տողի «ապա թէ» բառերը երգինը չեն, որով իրար հանդիպում են համակշիռ կերպով՝ հետևյալ երկու տողերը․

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս։

Եվ վերջապես՝ վերջին տողն ինքն իր մեջ իր հանգական հանգիտությամբ կազմում է մի առանձին միություն.

— «Եւ աչկունքն էին արեգակունք»։

Մյուս կտորները, հարկավ, այսպիսի հորինվածք չունեն ու լոկ պարզոտնյա խառն ոտանավորներ են տողերի ազատ դասավորությամբ։

  1. Տե՛ս Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տաղաչափություն, Երևան, 1933, էջ 365—377։