Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կորյունը Մաշտոցի կյանքի ընթացքը բաժանում է երկու շրջանի֊աշխարհական և կրոնավորական։ Աշխարհական Մաշտոցի մասին նա քիչ բան է պատմում, բայց այդ քչով էլ պարզվում է նրա դեմքը։ Մաշտոցը Տարոն գավառի Հացեկաց գյուղից էր, Վարդան անունով մի մարդու որդին։ Մանկական հասակում նա կրթված էր հելլենական դպրությամբ։

Ինչպես հայտնի է, Մաշտոցի օրով 387 թվականին Հայաստանը բաժանվում է երկու մասի, արևմտյանը հռոմայեցիների կամ, ինչպես հայերը գրում են, հույների գերիշխանության տակ, արևելյանը՝ պարսիկների։ Հռոմայեցիները շուտով վերջացնում են իրենց ենթակա մասի հայկական իշխանությունը և երկիրը կառավարում են առանձին կուսակալների ձեռով․ իսկ արևելյան մասում դեռ մնում էր հայոց թագավորությունը՝ արքայից արքայի գերիշխանության ներքո։ Մաշտոցը թողնում է Տարոնը և անցնում է Մեծ Հայաստանի Արշակունի թագավորների մայրաքաղաքը՝ Վաղարշապատ։ Նա, անշուշտ իր պատրաստության համար, կարգվում է պաշտոնյա արքունի դիվանում՝ «լինել սպասազոր արքայատուր հրամանացն առ հազարապետութեամբն աշխարհիս Հայոց՝ Առաւանայ ուրումն»։

Որ Կորյունը թագավորի անուն չի տալիս, այլ միայն ժամանակի հազարապետի անունն է հիշատակում, դրանից հետևցնում են[1], թե Հայաստանն այդ միջոցին չուներ իր սեփական թագավորը, այլ պարսից վերին իշխանության ներքո էր և կառավարվում էր արքայից արքայի անունով բնիկ հազարապետի ձեռով: Այդ անընդունելի է: Մաշտոցը դառնում է «արքայի տված հրամանների սպասավոր» Վաղարշապատի «արքունական դիվանում», իսկ այդ արքան չէր կարող լինել «արքայից արքան», որի վերին իշխանության տակ էր Հայաստանը, այլ միայն հայոց թագավորը, որ նստում էր Վաղարշապատում։ Հազարապետը հայոց Արշակունի թագավորների օրով երկրի բարձրագույն առաջին պաշտոնյան էր[2], նրա ձեռով էին թագավորները կառավարում երկրի ներքին քաղաքական գործերը: Մաշտոցը դիվանում աշխատել է հազարապետի ձեռքի տակ, գուցե և այդ պատճառով Կորյունը հազարապետի անունն է տվել: Ղազար Փարպեցին գրում է Մաշտոցի համար․ «Զինուորեալ ի դուռն Հայոց արքային Խոսրովայ, կարգեալ յերամ մատենագիր արքունի դպրացն»։ Սույն պատմագիրը պատմում է, թե Պարսից Շապուհ արքան այս Խոսրով թագավորին կանչելով իր մոտ՝ գահընկեց է անում և նրա փոխանակ թագավորեցնում է նրա եղբայր Վռամշապուհին:

Մաշտոցը ծառայելով արքունի դիվանում՝ տեղյակ և հմուտ է դառնում «աշխարհական կարգերին», այսինքն է՝ ինչ որ երկրի ներքին

  1. Dr. Jos. Marquart, Über das armenische Alphabet in Verbindung mit der Biographie des hl. Maschtoz. Տպագր․ «Հանդես ամսօրյա», Վիեննա, 1911, № № 9, 11, 1912, № № 1, 4, 11, 12 (գերմաներենի հետ զույգ նաև հայերեն թարգմանությունը)։ Մարկուարտի այս աշխատությունը հիշում եմ նաև միայն «Մարկուարտ» անունով։
  2. Արշակ թագավորի մասին պատմելիս Փ․ Բուզանդը (Գ․ դպ․ 2֊րդ գլուխ) գրում է․ «Եւ սկիզբն գործակալութեանն, հազարապետութեանն, աշխարհատեսն խնամակալութեանն, աշխարհաշէն աշխարհատած դեհկանութեան, շինականաշէն ազգն Գնունեաց»։ Երկրորդ տեղը բռնում է սպարապետութիւնը֊ Մամիկոնյան ազգը։