Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանահյուսությունը տեղի տվավ եկեղեցական գրականության առաջ։ Եվ այլապես էլ չէր կարող լինել, դա անխուսափելի էր։ Եթե նույնիսկ հին մեծ մշակույթ ունեցող ազգերի մեջ, ինչպես էին հույներն ու հռոմայեցիք, նրանց հարուստ գրականությունը ոչ միայն ետ մղվեց քրիստոնեական գրականության առաջ, այլև մինչև անգամ հետզհետե մոռացության տրվեց, ապա հայոց նախնական բանահյուսությունը չէր կարող դիմանալ նոր հոսանքի առաջ։

Քրիստոնեությունը հայերի մեջ մտել էր այն երկարատև խաղաղության միջոցին, որ 3-րդ դարի վերջերում հաստատվել էր պարսիկների ու հռոմայեցիների միջև։ Դրա հետևանքով հայերն սկսել էին ավելի սերտ հարաբերությամբ կապվել կուլտուրապես իրենցից ավելի բարձր քրիստոնյա հարևանների—հույների հետ։ Բայց այդ կապը սկզբում դեռ ավելի քաղաքական էր, քան կուլտուրական։ Երկարամյա պատերազմները 340–ական թվականներից սկսած՝ արգելք էին եղել քրիստոնեական ուսմանը տարածվելու հայ ժողովրդի մեջ։ Հայերը պաշտոնապես և անունով միայն քրիստոնյա էին դարձած, բայց շատ կողմերում իշխում էր դեռ թանձր կռապաշտությունը։ Ապա՝ հոգևորականներն իրենք էլ դեռ ընդհանրապես չափազանց տգետ էին և քիչ էին մտահոգված Հայաստանում քրիստոնեությունն իրապես հաստատելու գործով։ Բայց և այնպես այդ նոր հարուստ դասը, եկեղեցականությունը, համեմատաբար ավելի զարգացած էր և իր անձնական փառասիրական ձգտումներից հետո՝ հետզհետե ավելի էր հոգում եկեղեցու համար։ Ուստի ավելի նա կարիք զգաց գրի ու գրականության, քան թե ազնվականությունը, որ չկարողացավ նույնիսկ ազգային անկախությունը պահպանել։ Հայերեն լեզվով գրականությունն ամենից առաջ եկեղեցուն էր հարկավոր պարսկական և հունական ոտնձգությունների դեմ աջողությամբ պայքարելու համար։

2. Մեսրոպ Մաշտոց և հայերեն գրերի գյուտն ու գրականության սկիզբը։— Առաջին մարդը, որ հոգացել է հայերեն գրի ու գրականության կամ, ինչպես այն ժամանակ ասում էին, դպրության մասին, է Մեսրոպ Մաշտոցը։ Նա հիմք է դրել հայ գրականության և հայերեն լեզվով դպրոցի։ Ժամանակի տնտեսական, դասակարգային և քաղաքական պայմաններն էին առաջ բերել գրի ու գրականության անհրաժեշտությունը։ Մաշտոցն, իհարկե, իր ժամանակի ծնունդ էր և բնականաբար նա մենակ չի եղել իր գործունեության մեջ։ Նրա հետ եղել են և ուրիշները, բայց նա առաջինն է եղել այդ լուսավորական գործի մեջ, և ժամանակակիցներն էլ առաջին պատիվը նրան են տալիս։ Բարեբախտաբար մենք ստույգ տեղեկություններ ունենք այս մեծ գործի մասին։ Մաշտոցի կենսագրությունը գրել է նրա աշակերտ և գործակից Կորյուն վարդապետը 443 և 451 թվականների միջև[1]։

  1. Կորիւն, Վարք Մաշտոցի․ բնագիրը ձեռագրական այլընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթություններով, ի ձեռն պրոֆ․ դ-ր Մ․ Աբեղյանի, Երևան 1941։ Տե՛ս էջ 5 և հտն․ «Առաջաբան»։ Տե՛ս նաև«Սովետական գրականություն», Երևան, 1941, № 1, էջ 47֊51 և № 2, էջ 41֊51։ Մ․ Աբեղյանի հոդվածը՝ «Մեսրոպ Մաշտոց և հայ գրի ու գրականության սկիզբը»։