վայելում: «Ծանօթական և հաճոյ լինէր Աստուծոյ և մարդկան»,- գրում է Կորյունը: Թե ո՛րտեղ է եղել նրա ճգնության վայրը, այդ մասին լռում է կենսագիրը: Բայց պատմվածքի ընթացքից երևում է, որ Մաշտոցի մենարանը գտնվել է Գողթնի սահմաններին մոտիկ մի բարձր տեղում: Ավանդությամբ դա եղել է Գողթնին կից Երնջակ գավառում, այնտեղ, ուր կար, գուցե և այժմ կա, Մեսրոպավանք կամ Մեսրոպավանիս, Մսրավանիս գյուղը:
Մաշտոցի նման անձը չէր կարող մինչև վերջն առանձնացած ճգնավոր մնալ, թեկուզ մի քանի աշակերտներ հետ: Նա աշխարհի մարդ էր, ծառայած մարդ, աշխարհական ու զիվորական կարգերին հմուտ,ինչքան էլ «մերկանում է իրենից իշխանակիր ցանկությունները», չի կտրվում աշխարհից և անգործության չի մատնում իրեն: Ի՞նչ էր նրա գործունեությունն իր կյանքի այս երկրորդ շրջանի սկզբում:
Արդարև, հայերը մի դար առաջ պաշտոնապես քրիստոնյա էին դարձել, բայց, ինչպես ասվեց վերևում, միայն անունով էին քրիստոնյա. «առան քրիստոնեության անունը»,- գրում է Փ. Բուզանդը (Գ. 13): Ուստի Մաշտոցն իր ճգնարանից ելնելով՝ սկսում է պարապել «առաքելական» գործով, այսինքն քրիստոնեություն է քարոզում: Նա իր աշակերտների հետ գնում, իջնում է Գողթն գավառը: Որովհետև արդեն հռչակված էր նրա անունը, նա լավ ընդունելություն է գտնում տեղի իշխանից և նրա օգնությամբ տեղացիներին քրիստոնյա է դարձնում: «Գերեց ամենքին հայրենական ավանդություններից և սատանայական դիվապաշտ ծառայությունից»,- գրում է Կորյունը: Բայց Մաշտոցն այնքան միամիտ չէր, որ կարծեր, թե գողթնեցիք իսկապես քրիստոնյա դարձան, ինչպես ինքը կցանկանար: Անշուշտ նրանք էլ միայն «քրիստոնեության անուն առան»: Հեթանոսությունն իր առասպելներով ու վեպերով Մաշտոցից հետո դեռ երկար դարեր ապրեց Գողթնում: Եվ Գողթնը մենակ չէր: Երբ գողթնեցիք քրիստոնյա դարձան, այնտեղից «դևերը զանազան կերպարանքներով փական ընկան Մարաց կողմերը»,- գրում է Կորյունը: Այդ նշանակում է, որ քրմերը հալածվելով, իրենց կուռքերն առել, փախել, ապաստանել են Մարաց կողմերում, որ է՝ Մասիսից բռնած Արաքսի երկու կողմում մինչև Նախիջևան և Ջուղա, մինչև Գողթն գավառի սահմանները:
Այդ ժամանակ Մաշտոցը մտածում է Հայոց բոլոր աշխարհիկ ժողովրդի մասին և դրա համար հոգալով՝ կրկնում է. «Տրտմություն է ինձ համար անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների ու ազգայինների համար»: Նա այդ հոգսերով պաշարված՝ մտածմունքի ծփանքի մեջ ընկած մնում է, թե ինչ ելք գտնի ժողովրդին իր տխուր դրությունից հանելու, ամբողջ Հայաստանում քրիստոնեությունը հաստատելու համար»: Ելքը հայերեն լեզվով ուսումն ու գրականությունն էր: Քրիստոնեությունն ասորիներից ու հույներից էր մտել Հայաստան, եկեղեցու պաշտոնյաներն իրենք մասամբ դեռ ասորիներ ու հույներ էին, որոնք մուտք էին գործել Հայաստան իբրև քարոզիչներ և պահում էին իրենց լեզուն: Ուստի սկզբից