Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հենց Հայաստանում եկեղեցական լեզուն ասորերեն ու հունարեն էր: Եկեղեցու պաշտամունքը կատարվում էր այդ օտար լեզուներով, և բնականաբար ժամասացությունն և ընթերցվածներն անիմաստ հնչյուններ էին ժողովրդականների համար։ Քրիստոնեությունից փոքր ի շատե բան հասկանում էին նրանք միայն,- գրում է Բուզանդը (Գ. 13),- ովքեր մի քիչ գիտեին հելլեն կամ ասորի դպրություն։ Մնացածներն այդ կրոնից բնավ բան չէին հասկանում և շարունակում էին մնալ հեթանոսության մեջ, նույն հին հավատալիքներով, առասպելներով ու սովորություններով։ «Իսկ որք արտաքոյ քան զգիտութիւն արուեստին էին (այսինքն՝ ասորերեն կամ հունարեն չգիտեին), այլ խառնաղանճ բազմութիւն մարդկան ժողովրդոց նախարարացն և կամ շինականութեանն, եթէ զցայգ և զցերեկ նստեալ վարդապետացն և ըստ նմանութեան ամպոցն իբրև զյորդահեղեղ ինչ անձրևաց սաստկութեան զվարդապետութիւնն ի վերայ հոսէին, ոչ ոք ի նոցանէն և ոչ մի ոչ, և ոչ մի բան, և ոչ կէս բանի, և ոչ դոյզն յիշատակ ինչ, և ոչ նշմարանս ինչ զոր լսէինն, և ոչ կարէին ինչ ունել ի մտի»։

Արդարև, քրիստոնեության սկզբից հենց, ըստ Ագաթանգեղոսի, Հայաստանում հիմնված են եղել եկեղեցական դպրոցներ, բայց ուսումն եղել է հունարեն և ասորերեն լեզուներով։ Այդ մասին հոգ են տարել և հետագայում։ Այսպես՝ Փ. Բուզանդը (Գ. 4) պատմում է, որ Արշակ թագավորի օրով Մեծն Ներսեսը «Հայաստանի բոլոր գավառներում և զանազան տեղերում հիմնել էր դպրոցներ հունարեն և ասորերեն» լեզուներով. բայց այդ օտար լեզուներով շատ բան չէին սովորիլ։ Այս հանգամանքներն ևս ահա արգելք էին լինում, որ ժողովուրդը քրիստոնեության դարձից հարյուր և ավելի տարիներ հետո բոլորովին անտեղյակ էր մնում Աստվածաշնչի նույնիսկ վիպական պատմվածքներին ու զրույցներին, որ հեշտ կարող էր յուրացնել։ Պետք էր եկեղեցու և դպրոցի լեզուն դարձնել հայերեն, իսկ դրա համար հարկավոր էր գիր ու գրականություն հայերեն լեզվով։ Հարկավոր էր այդ առաջ բերել և տարածել։ Բայց այդ վեր էր ուժերից մի մարդու, որի ձեռին չկային իշխանություն և նյութական միջոցներ։

Եվ ահա Մաշտոցը հենց այնտեղ` Գողթնում երկար ժամանակ այդ խնդրով զբաղվելուց հետո՝ գալիս է Վաղարշապատ Սահակ կաթողիկոսի մոտ, որին և պատրաստակամ ու հավան է գտնում այդ բանի համար։ Հայերեն նշանագրեր գտնելու համար ժողովում են «զաշխարհահոգ խորհուրդն երանելի միաբանելոց»- միաբանյալների, այսինքն վանականների, կրոնավորների խորհուրդը։ Խորհրդակցության նպատակի մասին իմաց են տալիս Վռամշապուհ թագավորին։ Սա հայտնում է, թե Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «յանկարծ ուրեմն գտեալ նշանագիրս ալփաբետաց հայերեն լեզուի»- հանկարծ (պատահաբար) հայերեն լեզվի ալփաբետներ- նշանագրեր է գտել։ «Եւ իբրև պատմեցաւ նոցա