Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վռամ թագավորի տարիներով․ հիշում է երրորդ անգամ էլ, թե հայոց դպրության սկիզբը եղել է Մաշտոցի մահից 35 տարի առաջ։ Բայց թվերից մեկը կամ մյուսը աղճատված է, ուստի և չեն բռնում իրար։ Ընդունում են 403/404, 404/405 թվականները։

Երբ Վաղարշապատում լսում են Մաշտոցի վերադարձի մասին, ուսումնասեր Վռամշապուհ թագավորը, Սահակ կաթողիկոսը և նախարարների բազմությունը քաղաքից դուրս գալով՝ դիմավորում են նրան Ռահ գետի ափին և ցնծության երգերով ետ դառնալով քաղաք՝ օրեր են անցկացնում տոնական ուրախությամբ։ Դա մի ազգային տոն էր։ Մինչ այդ՝ հայերեն լեզվով մի բառ անգամ չկար մատյանների մեջ գրված, նույնիսկ օտար լեզուների տառերով, հիմա Մաշտոցը բերում էր աջողությամբ հորինած հայերեն նշանագրեր և հայերեն թարգմանված ու գրված Աստվածաշնչի մի գիրքը (գուցե և մի քանի գրքեր)։ Նրա հետ գալիս էին և այն երիտասարդները, որոնց ուղարկել էր թագավորը, որոնք և պատրաստված էին թարգմանություններ անելու։ Գրից ու գրականությունից զուրկ ժողովրդի համար վերջապես «բացվել էր գիտության աղբյուրը»։ Բացվել էր Մաշտոցի, Սահակի և նրանց աշակերտների համար գործունեության ընդարձակ ասպարեզ։ Այժմ նրանք կարող էին «համաշխարհի», ամբողջ Հայաստանի մասին հոգալ։ Դրա համար նրանք երեք բան միաժամանակ էին կատարում. «թարգմանել, գրել և ուսուցանել»: Թարգմանություններն և արտագրությամբ բազմացրած գրքերն անհրաժեշտ էին աշակերտներին հայերեն լեզվով ուսում տալու համար։

Մաշտոցը և՛ թարգմանիչ էր, և՛ «ուսուցող»: «Յաստիճան իսկ վարդապետութեան գեղեցիկ՝ երանելին հասանէր», — վարդապետության, այսինքն ուսուցչության գեղեցիկ աստիճանին հասավ երանելին, գրում է Կորյունը։ Սամոսատից վերադառնալուց հետո մինչ փութանակի թարգմանություններ էին անում, Մաշտոցը միաժամանակ և իր ուսուցչությունն և «առաքելությունն» էր շարունակում։ Նա իր «առաքելական» գործունեությունը վերսկսում է Մարաց կողմերում, ուր, ինչպես տեսանք, փախել էին քրմերը Գողթնից, և որոնց բնակիչները դժվար մատչելի էին իրենց բարքի և «խեցբեկագույն և խոշորագույն լեզվի» պատճառով։ Բայց Մաշտոցն այժմ ավելի զորեղ միջոց ուներ․ նա շնորհիվ հայերեն գրի ու դպրության կրթում, սովորեցնում է նրանց «շատ տարիների ծնունդներին» և նույնիսկ «պարզախոս հռետորաբաններ» է դարձնում։

Այդ միջոցին առաջ է գնում Աստվածաշնչի թարգմանությունն ու «գրելը» և հարմարություն է ստեղծվում ուսուցման գործն ընդարձակ չափերով կատարելու։ Ուսման կենտրոն դառնում է բնականաբար թագավորների և քահանայապետների նստավայրը, Վաղարշապատ մայրաքաղաքը։ Շատ աշակերտներ են ժողովում այնտեղ. շատերն էլ հենց իրենք են գալիս «նորագյուտ վարդապետության», հայերեն լեզվով ուսման համար, «ի բացեալ աղբիւրն գիտութեանն Աստուծոյ»։ Նրանց սովորեցնում ու կրթում են և ուսուցիչներ են պատրաստում անգետ մարդկանց