Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես պսակվում է նրա մեծ ջանքը։ Նա հնարում է հայկական նշանագրերը: «Հայրական չափուն ծնեալ ծնունդս նորոգ և սքանչելի՝ սուրբ աջովն իւրով, նշանագիրս հայերէն լեզուին»,— նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց (= հորինեց, գրեց) նոր և սքանչելի ծնունդներ— հայերեն լեզվի նշանագրեր,— գրում է Կորյունն իր ճոռոմ ոճով և անմիջապես շարունակում է. «Եւ անդ վաղվաղակի նշանակեալ, անուանեալ և կարգեալ, յօրինէր սիղոբայիւք-կապօք»,— և այնտեղ շուտով նշանակեց (գրեց, գծագրեց), անվանեց և կարգավորեց (դասավորեց), հորինեց սիղոբաներով-կապերով,— այսինքն՝ դասագիրք հորինեց վանկերով հեգելու, վանկեր կապելու, գիրկապ կարդալու համար: Այնուհետև Մաշտոցն իր օգնականների հետ Եդեսիայից գնում է Սամոսատ քաղաքը, ուր նույնպես լավ ընդունելություն է գտնում։

Տե՛ս Առաջին հավելված՝ «Մաշտոցի գործը Եդեսիայում և Սամոսատում»։

Սամոսատում հայերենի նշանագրերը Հռոփանոս անունով մի հույն գրագրի ձեռով վերջնապես հարդարելուց և հարմարեցնելուց հետո՝ Մաշտոցն անմիջապես փորձում է դրանք։ Նա իր երկու աշակերտների հետ, մեկը Հովհան Եկեղեցացի, մյուսը Հովսեփ Պաղնացի, ձեռնարկում է Աստվածաշնչի թարգմանությանը՝ սկսելով Սողոմոնի առակներից, որ, ինչպես Կորյունը գրում է, սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմաստության՝ ասելով. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ահա առաջին բառերը, որ գրված են հայերեն լեզվով, հայերենի այբբենով։ Այդ թարգմանությունը գրվել է նույն հույն գրագրի ձեռով, միաժամանակ և մանուկներին սովորեցրել են հայերեն գրել և նրանց պատրաստել են հայերենի համար գրագիրներ։

Վերջապես ամեն ինչ պատրաստ և աջող էր։ Նշանագրերը լիովին բավական էին հայերենի համար. թարգմանությամբ փորձվել էր այդ։ Դրանք հարմար էին և՛ գեղագրական, և՛ քաղաքական տեսակետով. միաժամանակ և մանուկներին սովորեցրել էին այդ տառերով գրել։ Ժամանակն էր վերադառնալու։

Մաշտոցը Սամոսատ քաղաքի եպիսկոպոսից թղթեր է առնում և «բոլոր իրայինների հետ», որոնք էին իր «օգնականները», «աշակերտները» և գրագրություն սովորած «մանուկները», գալիս է Եդեսիա և Ամիդ: Այդ քաղաքների եպիսկոպոսներից էլ թղթեր առնելով՝ այդ տեղերից էլ «բոլոր իրայիններով աջողությամբ և հոգելից ուրախությամբ» գալիս հասնում է Հայաստան աշխարհը, Այրարատյան գավառի կողմերը, Նոր Քաղաքի (Վաղարշապատի) սահմանների մոտերը։

Մենք չգիտենք, թե Մաշտոցը ե՛րբ գնաց Միջագետք և ե՛րբ վերադարձավ։ Կորյունը Դանիելյան գրերը Հայաստան բերելու, ինչպես և Մաշտոցի՝ Եդեսիա գնալու և վերադառնալու թվականները հայտնել է Վռամշապուհ թագավորի տարիներով,— ինչպես վարվում էին այդ դարերում,— հայկական դպրության սկիզբն երկրորդ անգամ էլ հիշում է նա պարսից