Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ էր»։ Այնտեղ էլ պետք էր տարածել հայկական դպրությունը։ Եվ Մաշտոցն անցնում է Արևմտյան Հայաստան։ Այստեղ էլ աշխարհի եպիսկոպոսները, իշխանները և երկրի կուսակալը, Անատոլիս սպարապետը, պատվով ընդունում են նրան. բայց դպրոցներ բանալու գործը հեշտությամբ գլուխ չի գալիս։ Արևելյան Հայաստանում կար հայոց թագավոր, որ ամեն կերպ օգնում էր այդ ազգային գործին. իսկ Արևմտյան Հայաստանում երկրի այլազգի կառավարիչը թույլ չի տալիս հունարեն լեզվի փոխանակ հայերեն սովորեցնել։

Մաշտոցը ստիպված է լինում հետը տարած աշակերտների բազմությունը թողնել Մելիտինե քաղաքում և սակավաթիվ աշակերտներով գնալ Կոստանդնուպոլիս այդ գործը հարդարելու համար։ Այստեղ էլ նրան ընդունում են պատվով և պետական ծախքով առժամանակ պահում են, մինչև որ նա կարողանում է Թեոդոս Բ. կայսրին համոզել և նրանից հրաման ստանալ, որ հայերեն սովորեցնեն։ Անատոլիս կուսակալը երբ ստանում է Մաշտոցի ձեռով բերված կայսերական հրամանը, իսկույն շտապում է կատարել այն։ Կայսրի իշխանության տակ եղած հայկական գավառներից ժողովում են բազմաթիվ մանուկներ, նրանց ապրուստ են կարգում զանազան հարմարավոր տեղերում, ուր և սովորեցնում են նրանց հայկական դպրություն։ Դպրոցական գործն Արևմտյան Հայաստանում ևս աջողությամբ կատարելուց հետո՝ Մաշտոցն իր աշակերտներից երկուսին վերակացու է թողնում այնտեղ նույնն առաջ տանելու համար, իսկ ինքը շատ աշակերտներով վերադառնում Վաղարշապատ, ներկայանում է կաթողիկոսին և Վռամշապուհի որդի Արտաշես թագավորին ու բոլոր բանակին։

Այնուհետև էլ Մաշտոցը հանգիստ չի մնում։ Նա գնում է Աղվանք, ուր նույն լուսավորական գործը կատարում է տեղի թագավորի և եպիսկոպոսի օգնությամբ։ Ժողովում են մանուկների բազմություն, զանազան հարմարավոր տեղերում դպրոցներ են կարգում և սովորեցնում Մաշտոցի հորինած աղվաներեն ալփաբետով։ Նրանց Երեմիա եպիսկոպոսն էլ թարգմանում է Աստվածաշունչը։ Այստեղ էլ հետո իր աշակերտներից մի քանիսին վերակացու կարգելով՝ անցնում է Գարդմանա ձորը, այստեղից էլ Տաշիրք, Վրաստան։ Ամեն տեղ էլ նույն գործը կատարելով՝ վերադառնում է Վաղարշապատ՝ իր «սովորական տեղը»։

Այստեղ այժմ առանձին ուշադրություն են դարձնում հայ գրականությունը ճոխացնելու։ «Եւ այնպէս զամենայն ժամանակս իւրեանց՝ յընթերցուածս գրոց ծախէին հարքն զտիւ և զգիշեր, և նովիմբ ծաղկեալք և շահաւետեալք՝ օրինակ բարեաց ուսումնասէր առընթերակայից լինէին»։

Մաշտոցն Արևմտյան Հայաստանում «բազում շնորհագիր մատեանս զհարցն եկեղեցւոյ ստացեալ՝ ծովացուցանէր զվարդապետութեանն խորութիւն, և լցեալ զեղոյր ամենայն բարութեամբ»։ Այժմ էլ նա սկսում է «ճառս յաճախագոյնս, դիւրապատումս, շնորհագիրս, բազմադիմիս… յօրինել»։ Այդ ճառերը մնում են «Յաճախապատում ճառք» անունով։