Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բացի դրանից՝ Մաշտոցը գրել և բոլոր գավառներն ուղարկել է շատ խրատական և սովորեցնող թղթեր, «բազում թուղթս խրատագիրս և զգացուցիչս ընդ ամենայն գաւառս առաքէր»։

«Եվ այսպես Հայաստանի, Վրասաանի և Աղվանքի բոլոր կողմերում, իր ամբողջ կյանքի ընթացքում, ամառ ու ձմեռ, գիշեր ու ցերեկ անվեհեր և առանց բնավ հապաղելու» սովորեցրեց այդ մեծ ուսուցիչը, 45 տարի շարունակ աշխատեց այդ լուսավորական գործի համար, իսկ հայկական դպրության համար՝ 35 տարի: Նրա հետ աշխատում էր և Սահակ կաթողիկոսը:

Երկուսն էլ հասնում են խորին ծերության: Սահակը վախճանվում է Բագրևանդի Բլրոցաց գյուղում 439 թ. նավասարդ ամսի 30-ին (սեպտեմբերի 7-ին) և մեծ հանդեսով տարվում, թաղվում է Տարոնի Աշտիշատ գյուղում: Մինչև վերջերս էլ դեռ կար նրա գերեզմանը:

Մաշտոցը վախճանվում է 440 թ. մեհեկան ամսի 13-ին (փետրվարի 17-ին) Վաղարշապատում, շրջապատված իր սիրելի աշակերտներով: Նրան էլ մեծ հանդեսով և ժողովրդի բազմությամբ տանում, թաղում են Օշական գյուղում, նրա գերեզմանը մնում է մինչև այժմ Օշականի եկեղեցու սեղանի տակի խորանում և եղել է ժողովրդի համար մի սրբատեղի՝ «Թարգմանչի գերեզման» անունով:

3. Կուլտուրական պայքար և եկեղեցա-քաղաքական մաքառման գրականություն:— Ի՞նչ է այս կուլտուրական մեծ շարժման հիմքն ու պատմական նշանակությունը։— Ըստ Կորյունի՝ Մաշտոցը մտածել է սկզբում քրիստոնեական դարձի գործ կատարելու մասին. այդ է եղել նրա լուսավորական գործունեության սկզբնական դրդապատճառը։ Ըստինքյան այդ էլ իր ժամանակի համար մեծ առաջադիմական գործ էր: Այդ դարերում շատ նշանավոր անձեր, և ոչ միայն մեր երկրում, նվիրվում էին այդ գործին, որով բարձրացվում էր ժողովուրդների զարգացման մակարդակը, այն է՝ թանձր կռապաշտությանը փոխանակում էր զարգացման ավելի բարձր աստիճանի կրոն: Հայաստանում քրիստոնեության քարոզչությունն ավելի ևս կարևորություն ուներ, որովհետև դրանով հայերը հաղորդակից էին դառնում բիզանդական և ասորական քրիստոնեական կուլտուրային: Բայց Մաշտոցի սկսած ու գլուխ բերած մեծ գործը լոկ քրիստոնեություն քարոզելու համար չի եղել, կային նաև ազգային–քաղաքական պատճառներ, որոնց մասին լռում է Կորյունը՝ ժամանակի քաղաքական-եկեղեցական դժվարին պայմանների հետևանքով: Քրիստոնեության քարոզչությունը նաև պարսիկների դեմ մաքառման մի ազգային գործ էր։

Հայաստան երկրի բաժանումով երկու հարևան հզոր տերությունների միջև 387 թ.՝ վերջ էր տրվել այն երկարամյա ավերիչ պատերազմներին, որոնք 3-րդ և 4-րդ դարերում, Սասանյան հարստության սկզբից ի վեր, տեղի էին ունենում Հայաստանում մերթ հռոմայեցիների ու պարսիկների միջև, մերթ հայերի ու պարսիկների։ Երկիրը խաղաղել ու կազդուրվել էր