Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգում էր իր աթոռի հաստատության, հայ եկեղեցու և իր տնտեսական շահերի մասին։ Նա գիտեր, որ քրիստոնեությունը վտանգված էր Արևելյան Հայաստանում։ Սասանյան թագավորները կենդանացնելով զրադաշտական կրոնը՝ դարձրել էին այն իրենց իշխանության հիմնաքարը, աշխատում էին ընդհանուր պետական կրոն դարձնել այն։ Հռոմեական ազդեցությունը թուլացնելու համար նրանք Շապուհ Բ. թագավորի (310—379) օրերից սկսած, 340 թվականից արդեն ընդհանուր հալածանք էին հանել քրիստոնեության դեմ, և այդ վտանգը շարունակում էր մնալ և հետագայում։ Նրանք նույնիսկ փորձեր էին արել և անում էին իրենց կրոնը մտցնելու և հայ ժողովրդի մեջ։ Երկյուղը մեծ էր ուրեմն, որ Արևելյան Հայաստանի հայ ազնվականությունն ու շինականությունը կարող էին ետ կանգնել քրիստոնեությունից, որից բան չէին հասկանում։ Թեպետ Վռամ Դ. և Հազկերտ Ա. թագավորների օրով հայ եկեղեցին համեմատաբար խաղաղության մեջ էր, բայց նրա դեմ կռիվը չէր դադարել, այլ միայն ուրիշ կերպարանք էր ստացել։

Արևելյան Հայաստանն ուներ Արշակունի թագավորներ, բայց գտնվում էր պարսից գերիշխանության տակ։ Պարսկաստանում իբրև քրիստոնեական պաշտոնական լեզու ընդունված էր ասորերենը։ Արքայից արքաները, հռոմեական ազդեցությունը թուլացնելու նպատակով, Հայաստանում ուժ էին տալիս ասորերեն լեզվին և առաջ էին քաշում ասորի եկեղեցականներին։ Նրանք հովանավորում էին ասորական եկեղեցուն։ Արևելյան Հայաստանում եկեղեցու լեզուն ասորերեն էր։ Սելևկիայի ասորական կաթողիկոսը՝ արքայից արքայի թևարկությամբ՝ ձգտում էր գլուխ դառնալու բոլոր արևելյան քրիստոնեության. նա իր տիտղոսի մեջ մտցրել էր արդեն նաև Հայաստան, Վրաստան և Աղվանք։ Հայաստանի Սահակ կաթողիկոսը չէր կարող այս ամենի նկատմամբ անտարբեր մնալ։

Այսպես ուրեմն, կար մի ուժեղ պայքար մի կողմից՝ հայ եկեղեցու և պարսիկ իշխանության ու մոգության միջև, մյուս կողմից՝ հայոց և ասորոց եկեղեցիների։ Հենց այս պայքարի մեջ աջողություն ունենալու համար՝ պետք էր Հայաստանում ծավալել քրիստոնեությունը և հաստատ հիմքերի վրա դնել այն՝ ընդդեմ զրադաշտական կրոնի նվաճողական հարձակումների. հակառակ դեպքում Հայաստանում կիշխեր մոգությունը և վերջ կտրվեր կաթողիկոսությանն ու եկեղեցուն։ Քրիստոնեությունն ուժեղացնելու ելքն այն էր, որ եկեղեցու մեջ պետք էր մտցնել ամենքին հասկանալի հայերենը, իսկ դրա համար հարկավոր էր հայերեն գիր ու քրիստոնեական դպրություն։ Մյուս կողմից՝ պետք էր պայքարել ասորական ոտնձգությունների դեմ։ Պետք էր հայ եկեղեցուց ու դպրոցից մերժել ասորերենը և ստեղծել ինքնուրույն ազգային եկեղեցի։ Դրա համար էլ հարկավոր էր հայկական գիր ու դպրություն։

Ընդհանուր դիմադրություն ու թիկունք ստեղծելու համար նույնը պետք էր առաջ բերել նաև Վրաստանում ու Աղվանքում, որոնց եկեղեցիները կապված էին հայերի հետ և նույն սպառնալիքի տակ էին։ Այս