Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով Մաշտոցը հոգում է նաև վրացական ու աղվանական դպրության համար։ Կար և մի ուրիշ տխուր հանգամանք։ Երկիրը ինչպես քաղաքականորեն բաժանված էր երկու մասի, նույնպես և պաշտոնական լեզվով։ Արևմտյան Հայաստանում, որ հռոմեական կայսրության մի մասն էր դարձած, պաշտոնական լեզուն էր հունարենը։ Հայ եկեղեցու մեջ այնտեղ ընդունված էր հունարենը։ Այդպիսով հայոց եկեղեցին կորցնում էր իր միությունը և թուլանում էր։ Այդ ձեռնտու չէր հայ բարձր հոգևորականությանը։ Պետք էր ուրեմն մտածել նաև Արևմտյան Հայաստանի մասին, ուր հույները ձգտում էին պահելու իրենց ազդեցությունը և հայոց եկեղեցին կախման մեջ դնելու Կապադովկիայի եպիսկոպոսից։ Այդտեղ էլ հունական ազդեցությունը ջլատելու համար՝ պետք էր ուժեղացնել հայերենը հայ գրի ու դպրության միջոցով և դպրոցի ու եկեղեցու ժամասության մեջ մտցնելով հայերենը։

Վերջապես՝ քաղաքական բաժանման հետևանքով հայ եկեղեցին արևելքում կտրված էր մնում հարաբերությունից հունական եկեղեցու հետ, առհասարակ հունական ուսումից, որին սկզբից ի վեր սիրով հետևում էին։ Ինքը Սահակ կաթողիկոսը, նրա հայրը՝ Ներսես կաթողիկոսը և շատ ուրիշները հունական կրթություն էին ստացել։ Այդ կտրվածությունը մտահոգություն էր պատճառում հունասեր մարդկանց։ Պետք էր ուրեմն հայերեն թարգմանությունների միջոցով մտավոր հաղորդակցությունը շարունակել հույների հետ։

Վռամշապուհ թագավորի մասին շատ տեղեկություններ չունենք։ Արշակունի արքայական տոհմի այդ նախավերջին ժառանգը տեսել էր երկու դրացի հզոր տերությունների ձեռով Հայաստանի բաժանումը և այն, որ Արևմտյան Հայաստանում այլևս գոյություն չուներ առանձին հայկական թագավոր։ Նա իր եղբորը, Խոսրով թագավորին վիճակված բախտով գիտեր, որ Արևելյան Հայաստանի Արշակունի գահն էլ անվանական և շատ խախուտ էր։ Չկար այլևս հռոմեական բարեկամությունը, որի վրա հենված՝ ժամանակով, 3-րդ և 4–րդ դարերում, պաշտպանվում էին պարսիկներից և Հայաստանի քաղաքական անկախության համար պատերազմ էին տալիս նրանց դեմ։ Այլևս հնարավոր չէր ռազմական-քաղաքական կռիվը։ Ահա այն մեծ փոփոխությունը, որ ստիպում էր փոխել քաղաքականությունը։ Մնում էր ուրեմն միայն ներքին հենարանը, ներքին ուժերը զորացնել և նրանց վրա հենվելով՝ կուլտուրական պայքար մղել պարսկական ձգտումների դեմ։ Այդ ներքին հենարանն էր ամենից առաջ հայոց եկեղեցին, որի միջոցով մի ընդհանուր միության իդեոլոգիական կապ կարող էին ունենալ բաժան–բաժան մանր ֆեոդալները։ Ուստի և նա ամեն կերպ նպաստում է Մաշտոցի կատարած գործին։ Նրա միջոցով են ձեռք բերվում «Դանիելյան նշանագրերը»։ Նա է փոքրահասակ մանուկներ ժողովել տալիս այդ նշանագրերով սովորեցնելու, և երբ նրանցից շատերը տեղեկանում են, հրամայում է ամեն տեղ այդ նշանագրերով կրթել: Բայց երբ դրանք հայերենի համար անբավարար են դուրս գալիս, դարձյալ