Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա է հրամայում Մաշտոցին, որ մի խումբ մանուկներ առնի գնա ասորոց կողմերը: Նա մյուսներից պակաս չի ուրախանում, երբ Մաշտոցը աջողությամբ վերադառնում է։ Եվ վերջապես՝ Մաշտոցն իր ուսուցչական գործունեությունը վերսկսելու համար՝ դարձյալ նրանից է հրաման առնում։

Մի անգամ որ թագավորի հրամանով էր լինում ամեն ինչ, բնականաբար նա էլ հայթայթում էր այդ գործի համար անհրաժեշտ նյութական միջոցները, որ փոքր չէին կարող լինել: Կորյունն այդ մասին բան չի գրում։ Բայց նա պատմում է, որ Աղվանքում զանազան կողմերից ժողոված մանուկներին պահելու ծախքը թագավորն է հոգում. տերության հաշվով են պահում և Արևմտյան Հայաստանում ուսման համար հարմարավոր տեղերում ժողոված մանուկներին: Անշուշտ նույնը եղել է և Արևելյան Հայաստանում. արքունի ծախքով են կատարված Մաշտոցի բազմաթիվ ուղևորությունները աշակերտների մեծ խմբերով, և արքունի ծախքով են պահված Հայաստանի զանազան կողմերում բացված դպրոցները։ Կարող էր և կաթողիկոսարանը մասնակից լինել այդ ծախքերին, որովհետև նրա եկամուտներն էլ փոքր չէին։ Նույնը պետք է ընդունել նաև տեղական իշխանների համար, որոնց մի քանիսի անունները տալիս է Կորյունը։ Եվ այն ժամանակաշրջանում դժվար չէր ընդհանրապես մեծ ծախքեր անել քաղաքական տեսակետով մեծ անհրաժեշտություն դարձած այդ կուլտուրական գործի համար։ Երկրի տնտեսական վիճակն այդ թույլ էր տալիս։

Այսպես ուրեմն, և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ իշխանությունները միասին հոգում են հայերեն դպրության համար՝ յուրաքանչյուրն իր շահերի տեսակետից։ Եվ նրանք իրավունք ունեին։ Շուտով պարսկական քաղաքականությունը բռնանում է։ Ինչքան էլ Սահակ կաթողիկոսը ջանում է Հայաստանի թագավորական գահը պաշտպանել, այդ չի աջողվում նրան։ Պարսկական ինտրիգների միջոցով վերջին Արշակունի թագավորը, Վռամշապուհի որդի Արտաշեսը, ընկնում է գահից։ Մյուս կողմից զորանում է և ասորական ազդեցությունը, և Սահակ կաթողիկոսն ինքն էլ իր կյանքի վերջին տասնամյակում զրկվում է կաթողիկոսական իշխանությունից, և նրա աթոռը գրավում են ասորի եպիսկոպոսներ: Միաժամանակ և մոգությունը 5-րդ դարի կեսից սկսած՝ փորձում է տիրանալ և Հայաստանում։

Մաշտոցի ու Սահակի գործունեությամբ, սակայն, մշակված էր սեփական ազգային գաղափարախոսություն, կար արդեն ինքնագիտակցության եկած և լավ պատրաստված ու հոգեպես զինված մի սերունդ, որ չէր կարող հեշտությամբ զինաթափ լինել: Սկսվում է մի զորեղ կուլտուրական պայքար, մեկ-մեկ նաև ռազմական կռիվ (Վարդանանց պատերազմը և Վահանանց զինյալ մաքառումը) Սահակի ու Մաշտոցի աշակերտների և սրանց աշակերտների ընդդեմ պարսկական և ասորական, հետագայում նաև հունական ոտնձգությունների: Նրանք կարողանում են