Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կապադովկիայում: Եվ որովհետև վանականները պիտի մտավոր աշխատանքով ևս զբաղվեին, վանքերը դառնում են նաև դպրոցներ, հարկավ, կրոնական կրթության համար։ Գրագիտությունն անհրաժեշտ էր վանականի համար, և քանի որ չկար հայերեն գիր ու դպրություն, Մեծն Ներսեսի հիմնած վանքերում սովորում էին ասորերեն և հունարեն։ Արդ՝ Մաշտոցի հաստատած վանքերում այդ օտար լեզուների տեղ անցնում է հայերենը, և վանականները հայ դպրությամբ, հայերեն թարգմանություններով էին ծանոթանում քրիստոնեական ուսմանը։ Այսպիսով՝ վանքերն ազգայնանում և դառնում են հայկական դպրոցներ, ուր պատրաստվում էին հայերեն լեզվով գրագետներ ու քարոզիչներ և «գրիչներ», այսինքն արտագրողներ։ Միաժամանակ և ժամանակի գիտությունն ու գրականությունը, որ մեծ մասամբ կրոնական էր, կենտրոնանում էր վանքերում։ Այնտեղ և թարգմանություններ էին անում, ապա և ինքնուրույն գրքեր հեղինակում։ Հայկական վանքերն իրենց այս դերը մերթ ավելի, մերթ պակաս չափով, երբեմն ժամանակի հետ ընթանալով, երբեմն հետադիմելով, կատարել են, կարելի է ասել, մինչև առ ի 19-րդ դարի վերջերը։

5. Եկեղեցա–գրական լեզու։— Մաշտոցի ու Սահակի և նրանց աշակերտների ջանքերով ստեղծվում է եկեղեցական հայերեն լեզուն, որ ընդունվում է երկու կողմերի հայերից և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում։ Դրա հետևանքով ևս պահվում է միությունը հայերի մեջ միշտ և ամենուրեք։ Նույնիսկ ուշ դարերում հռոմեական եկեղեցուն անցած հայերի հատվածները չեն իշխում դիպչել հայոց եկեղեցական լեզվին և լատիներենով փոխարինել այն։ Այդ լեզուն դառնում է, ուրեմն, ազգային միության մի մեծ գործոն։

Բայց այդ դերը լեզուն կատարում է ո՛չ միայն եկեղեցու միջոցով: Եկեղեցական լեզուն էր նաև գրական լեզու, որով գրել են թարգմանական և ինքնուրույն երկերը։ Հետագայում ևս հայ դպրությունը զարգանում է նույն լեզվով, և առաջ է գալիս համեմատաբար հարուստ հին հայկական գրականությունը, որ զանազան իշխանությունների ենթակա, քաղաքականապես անջատ և հաճախ սեփական պետություն չունեցող հայ ժողովրդի համար դառնում է ընդհանուր հոգևոր կյանքի, համազգային միություն պահպանելու և նույնիսկ դեպի ազգային անկախություն հրահրելու ամենամեծ պատմական գործոնը։

Այդ հին գրական լեզուն, որ սովորաբար կոչում ենք գրաբար, բնականաբար ունեցել է իր զարգացումը, իր փոփոխությունները դարերի ընթացքում, կամ իր պատմությունը. բայց հիմնականում մնացել է այն ձևով ու կառուցվածքով, որով երևան է եկել Մաշտոցի ու Սահակի և նրանց գործակից աշակերտների ձեռով Ս. Գրքի թարգմանության ժամանակ[1]։ Այն դարում անպայման եղել են հայերեն լեզվի բարբառներ, բայց

  1. Այդ հին լեզվի բոլոր էական կողմերը բացատրված են սրա հեղինակի հետևյալ աշխատության մեջ՝ «Գրաբարի քերականություն», հորինեց պրոֆ. դոկտ. Մ. Աբեղյան, երկրորդ տպագրություն, վերամշակված, հրատ, ՀԽՍՀ պետական համալսարանի, Երևան, 1936: