Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾԻԾԱՂ


Գիշերի գույն անձկություն մը զիս կը խեղդե.
Ալ չեմ կրնար այս ափունքին վրա շնչել.
Մենությունը տակավ դագաղ մը կը դառնա,
Ալ չե՛մ կրնար…

Կարծես հուժկու և սառնեղեն մատները ծեր Ձանձրույթին
Կը գալարվին քանի օր է, նիհար վզիս միսերուն շուրջ.
Ու կուրծքիս վրա, ինձ կը թվի,
Լռությունը իմ մենավոր տնակիս,
Ուրվականի ձևեր առած,
Կապարի պես ծանր ոտքով մը կը ճնշե.
Ալ չե՛մ կրնար…
Ո՞ր չար ոգին այսպես ուժգին զիս կը սարսե.
Ուսերուն վրա հիր պարեգոտ մ’հողմածածան,
Հիմարության դեղին բաժակը ձեռքին՝
Ո՞ր չար ոգին…
Շրթունքներս կգունատին,
Ալ չե՛մ կրնար.

Ահ, ի՜նչ բոսոր մայրամուտ է.
Արյունի գույն, ծիծաղի գույն մայրամուտ է.
Այնպե՛ս լավ, է, այնպե՛ս լավ է,
Ծիծաղ մ’հոգվույս մեջ կը նավե…
Կրնա՛մ, կրնա՛մ,
Բե՛ր արբենամ՝
Դեղին բաժակը շրթներուս…
Նետե՛, նետե՛ հիր պարեգոտդ ուսերուս…

ԿԱՐԵԿՑՈԻԹՑՈԻՆ


Պզտիկ աղջիկ մ’ինծի կ’ըսե
Թե զիս խենթի պես կը սիրե.
Պզտիկ աղջիկ մը զիս սիրե՜…