Այս էջը հաստատված է
Գիշերն անհուն իմ աչքերուն
Երևի դեռ նա չէ տեսեր․
Պզտիկ աղջիկ մ’ինծի տա սե՜ր․․․
Երկի դեռ նա չէ նայեր
Հոգվույս խավար անդունդն ի վար.
Պզտիկ աղջիկ մ’ինձ սիրահա՜ր…
Եթե լսեր թե ո՛չ մեկ սեր
Այդ անդունդին մեջ կը շնչեր՝
Հեք պզտիկը չէ՞ր հառաչեր․․․
Ուստի եղբոր մը պես ըսի
Թե լուսնին տակ մարդ կը մսի.
«Գնա՛, գնա՛, ննջե՛», ըսի.
Հետո գացի հեռուն լացի…
Մութը չիջած, իրիկվընե,
Իրեն ըսի թե ինձ համար
Սերը տժգույն ծաղիկ մըն է,
Զոր շունչիս տակ չէի կրնար
Ապրեցընել — լուռ, կը խնդար…
Մութը չիջած, իրիկվընե,
Իրեն ըսի թե ինձ համար
Սերը հիվանդ կարապ մըն է,
Զոր շրթունքներս չէին կրնար
Կյանքի բերել ― լուռ, կը խնդար…
Մութը չիջած, իրիկվընե.
Իրեն ըսի թե ինձ համար
Սերը մեռնող նշույլ մըն է,
Զոր իմ հոգիս ա՛լ չէր կրնար
Բոցավառել — լուռ, կը խնդար…