Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու լուսնին տակ, կեսգիշերին,
Երթ կ’իջնեինք բլուրն ի վար՝
Կը կշտամբեր զիս հոգևին.
«Տե՛ս, հիվանդ եմ, ու չե՛ս գթար»
Կը մրմնջեր ու լուռ կուլար…

Բայց ես իրեն չըսի՞, չըսի՞,
Իրիկվընե, մութը չիջած,
Թե ցուրտ Հովեն եթե մսի՝
Այս հոգիովս, ցավեն շիջած,
Չէի՛ կրնար հո՛ւր տալ, չըսի՞…


ԵՐԿՈՒ ԱՎԵՐԱԿՆԵՐ
1.

Հին օրերուն,
Երբ դեռ սիրտըս վարդի մը վես փթթումն ուներ,
Ու երազը դեռ աչքերուս հույլ-հույլ քերթված կը ծորեր,
Հին օրերուն,
Լիբանանի սոճիներուն կախարդանքը արյունիս մեջ՝
Ես կ’երթայի Բաալբեքի ավերակները դիտելու:
Ի՜նչ մռայլ փառք էր, ի՜նչ հեթանոս շքեղանք,
Արևելյան մայրամուտի կանաչ-բոսոր շողերուն տակ,
Փռված անոնց կիսակործան սյուներն ի վար.
Ի՜նչ լուսեղեն, մեծվայելուչ քերթված էր այդ՝
Կանաչ-բոսոր շողերուն տակ…
-Չկա՛, չկա՛,– կը խորհեի, հիացումի արցունքներով,
-Այս կործանած պալատներուն փառքն ունեցող
Չկա՛, չկա՛…
Ու, Գեղեցկին ես սիրահար ու միամիտ պատանի՝
Մութ նախանձի մ’անմեկնելի գալարումը կ’ունենայի
Այդ քարերուն հանդեպ տրտում, ջարդված…