Այս էջը հաստատված է
Կոչնա՜կն է, մեռե՜լ կա…
― Ու ե՛րգ մը տարորեն՝
Պարտեզեն մոտակա,
Ուր կայսեր կը պարեն…
Խոտին տակ գա՛նգ մը կա…
— Երազներ մեղմորեն՝
Ճամբուն վրա հեռակա,
Սա տըղան կ’օրորեն…
Եվ անդին, դաշտերեն,
Ահա զույգ մը կ’երթա.
Զիրար շա՛տ կը սիրեն.
— Կոչնա՜կն է, մեռե՜լ կա…
Շատ ատեն էր չէի տեսեր
Իմ սիրականս, ծովի ափին.
Տժգույն-կապույտ աչվըներով,
Վարդ հոգիով
Իմ սիրականս չէի տեսեր, ծովի ափին.
Չէի տեսեր ու ալ տեսնել չէի ուզեր այս աչքերով,
Այս ցուրտ, մութ-մութ աչքերով,
Ու փլատա՛կ այս հոգիով…
Ի՜նչ աչքերով, ի՜նչ հոգիով, հին օրերուն,
Մութ-լուսնալույս գիշերներու աստղերուն տակ՝
Տեսեր, սիրեր ու համբուրեր էի հոգին՝
Ծովի ափին…
Ուստի ուխտեր էի ես ա՛լ
Չմոտենալ
Տժգույն-կապույտ աչվըներով սիրականիս։