Այս հառաչը պիտի ըլլա բողո՛ք մ’անհուն,
Խուլ ընդվզումը իրերուն անապավեն…
Եվ այն ատե՛ն մանավանդ պետք է որ ես գամ
Այս բունին տակ, իբրև եղբայր մ’այս ծառերուն,
Ու պահանջեմ, ու պաղատի՛մ քիչ մ’ալ գարուն՝
Տակավ շիջող սըրտիս համար արյունաքամ…
Հևքը կուրծքիս տակավ տակավ կը շատնա.
Մա՜հը կուգա իր արծաթե մանգաղով.
Եկո՛ւր, քընար, դեմ գանք անոր նո՛ր տաղով,
Նա արքա՛ն է արքաներուն, մե՛ծ է նա…
Տե՛ս, իմ քընար, ոսկին շուտով կը հալի
Սա իրիկվան երանգներուն․ ահ, արդեն,
Տե՛ս, գիշերը կ’առաջանա համրորեն՝
Հանդերձանքը հագած իր է՛ն թախձալի…
Եկո՛ւր, նստինք սա ծառին տակ քեզի հետ.
Աս այն ճամբան է ուրկե Սե՛րը կ’անցնի՝
Երբ արշալույսը նո՛ր է որ կը ծնի
Ու Մահը՝ երբ կ’ըլլա Երազը անհետ…
Ու երգե՛ երգ մը բառերով սառույցե.
Ցուրտ ու խորո՛ւնկ, ինչպես երկինք մը ձմռան՝
Ուր լոկ քանի մը սև թռչուն կը սուրան.
Կ’ըսեն թե Մահը չ’ախորժիր շատ ցույցե…
Ահ, լոկ երգե Արհամարհա՛նքը շըքեղ,
Զոր ունեցանք ցավին համար այս կյանքին,
Եվ թե ինչպե՜ս չհավտացինք երկընքին՝
Ուր կարդացինք Սո՛ւտը ոսկի և ահեղ…