Էջ:Matteos Zarifian, Works.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու կույս կոչնակն արշալույսին
Երբ սկսավ աղոթքն անտեր՝
Անշարժ կեցա աչքերըս հողին.
Աղոթք մ’ինչո՞ւ ես չեմ գիտեր…


ԿԱՏԱՐ

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Ցավ չունիմ, վիշտ չունիմ, հրճվանք չունիմ.
Անցեր եմ, հեռացեր եմ այդ բոլորեն.
Վեր եմ ելեր…

Անդուլ, անվերջ, ձյունի մեջեն կը քալեմ.
Ամայի, մութ բարձունքներու հովին մեջեն,
Ճակատըս վեր.
Ու կարծես թե, իմ այս հիվանդ մատներուս տակ,
Ամեն րոպե մանիշակներ կը փայփայեմ…

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Այնպե՜ս սուզված կապույտին մեջ…
Ինձ կը թվի, իրիկուն մը,
Ես այս լեռնեն`
Կարող կ'ըլլամ հոգիիս ա´ստղը համբուրել…


ԲԼՈՒՐԻՆ ՎՐԱ

Եկո´ւր, իմ աղվոր.

Այս գիշեր հո՜վ կա,
Լոկ հոս է անդորր,
Ահ, հավատա´ որ
Հոգիս կը ցանկա
Ո´չ թե լուսնկա՝
Այլ անդո՜ւնդը խոր,
Եկո´ւր, իմ աղվոր,
Այս գիշեր հո՜վ կա…