Էջ:Matteos Zarifian, Works.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս սուրբ բառը չի՛ պատկանիր այդ ահավոր,
անմարդկային դիակներուն․․․
Հոշոտեցին ու խեղդեցին ու այրեցին․․․
Մեր վաղեմի պապենական սեղանին վրա,
Ուր ամեն օր խաղաղորեն և աղոթքով կը ճաշեինք,
Անդամատված գլուխներ, բզկտված բազուկներ
Զետեղեցին քովե քով,
Ու, զերդ արբշիռ ուրվականներ,
Իրենց մռայլ կացիններուն վրա հենած՝
Քըրքջացին․․․

Ուղեղս կ՚այրի՝ ոգեվարող այդ աչքերուն
հիշատակեն,
Հոգիիս մեջ դեռ կը լսեմ հծծյունները իրենց ողբին․․․
Ա՛լ կարող չեմ քեզի գրել․․․
Հալած աչքերս գիշերին մեջ կը սուզվին․․․

5.

Օ՜հ, տեսիլքն այս․․․
Հա՛յրս ահա․․․ զինք կը տեսնեմ․․․
Ուռիներուն տակ կը քալե խոնջած, տխուր քայլերով,
Սուրբի մը պես մելամաղձոտ ու նայվածքը
վիշտեն սառած․․․

Որչափ ծե՜ր է, որչափ տժգո՜ւյն․․․
Ուռիները կը փոթորկին, կը խենթենա՜ն․․․
Ան կը քալե, գլուխը ձիգ, տեսիլքն մը հալածական․․․

Օ՜, գիշերը կը կարմրի․․․
Ուռիներեն շիթ-շիթ արյուն կը կաթի․․․
Եվ այդ կարմիր անձրևին տակ,
Մեր հայրիկը, մեռելի դեմքն ինձ դարձուցած,
Աստծո մը պես կ՚արտասվե․․․