Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԻՆԱՐԲՈՒՔԵՆ ԱՌԱՋ

Տժգո՜ւյն լուսին, մի՛ մարիր,
Դեռ կարոտ եմ ցուրտ լույսիդ․
Նայվածքիս մեջ թող վտիտ
Շողերդ իջնեն ցանուցիր։

Դեռ գիշերին չեմ ուզեր
Հանձնել հոգիս վշտակոծ.
Ցուրտ ալքերուս մեջ դեռ գոց
Կ’ուզեմ պահել շող ու սեր։

Դուն աստղերուն պես սեգ չես
Գիտես ներել ցավերուն.
Այդ աչքերուդ մեջ անհուն
Մութ հոգիներ կը կանչես։

Րո՜պե մըն ալ, ո՜վ լուսին…
Ու թող ապրիմ օրորուն՝
Հին մոռցված օրերուն
Հուշքը դալուկ՝ թեև սի՜ն․․․

Մեղքն ահա զիս կը կանչե
Սև պատմուճանն ուսերուն…
Լուսին, գնա՚ ամպերուն․
Գիշերն հոգիս կը տանջե։

Ժամեր հետո, երբ գինով
Աչքերս երկինք վերցնեմ,
Շիթ մը արցունք կը սպասեմ․․․
Ներե՜, լուսին, ցավս է ծո՜վ։

ՑԱՎՈՏ ԳԻՆԱՐԲՈՒՔ

Իզո՜ւր աչքերս կը նային
Կապույտ, անդորր երկնքին,
Իզո՜ւր նվագն այս տարտամ
Կ’օրորե զիս.― պետք է լա՜մ…