Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միևնույն իրերը՝ շուրջս։ Անոնք՝ որոնց ներկայությանը, քանի մը օր աոաջ, կյանքին երազովը կ՚օրորվեր հոգիս...

Ինչպե՜ս կը հեգնե զիս պատեն կախված սա աղտոտ նկարը, որուն մեջ տխմար դիմագծերով մարդ մը կ՚երթա, գլուխը կախ, անտարբեր։

Ճակատագի՜րն է...

20 հուլիս...

Նո՛ւյն մթությունները, նո՛ւյն ցավերը, նո՛ւյն անդունդը...

Հուսահատությունս մահվան դուռները կը բախե անդադար, բայց իզուր։

Ինչո՞ւ չեմ մեռնիր:

Երեսս պատին, դիվահարի պես աչքերս հառած եմ հոն շարժտկող ստվերներուն, որոնք կը խենթցնեն զիս իրենց հեգնանքով։ Եվ այսպես՝ մինչև իրիկուն, մինչև գիշեր, մինչև առավոտ...

21 հուլիս...

Կարոտագին կը բաղձամ աղոթել։ Ի՛նչ մխիթարություն պիտի բերեր ինծի ասիկա. Ինչո՞ւ չեմ կրնար։

Ախ, հին օրերը...

Ինչեր պիտի չտայի վերադարձին համար իմ հին, աղվոր հավատքներուս։

Ինչ անույշ տղա մըն էի ես, ատեն մը, իմ վճիտ աչքերովս, իմ աղոթել գիտցող պզտիկ հոգիովս։

Հիմա մեծցած եմ։

Ու հիմա, ամեն ատենե ավելի պզտիկ կը զգամ ինքզինքս...

Ն...ն կ՚աղոթե ամեն գիշեր։

Ինչո՞ւ տեսած չեմ քեզ տակավին քու այդ դիրքիդ մեջ, իմ հրեշտակս. անկողնիդ քով, ծունկի վրա, ճերմակ գիշերազգեստովդ, պաղատող աչքերդ ձեղունին՝ ուրկե անդին կը զգաս թե Անհունը կա... ու մոմ մը կը հատնի քովդ՝ պզտիկ, ապակիե աշտանակիդ վրա...

Եվ ինծի՜ համար կ՚աղոթես, կ՚աղոթես որ աղեկնամ ես...

Ո՜վ իմ սուրբս, իմ միակ պաշտամունքս...