Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ըրածդ անամոթություն է» ըսելու չափ լեցվելով։ Ու թերևս ելլելով կ՚ուղղվի դեպի տուն:

Ծիրանի ծառին տակ կը հասնիմ ետևեն ու զղջումի այնքան սրտառուչ բառեր կը գտնեմ, որ կը հավատա, կը ներե, կը վերադառնա։ Եվ ավելի քան երբե՛ք ուժգին կը սեղմեմ իր մեկ նո՛ր մատը...

Եվ այսպես՝ երկա՜ր ատեն։

Մինչև որ խաղին տեսակը փոխվի ու, փոխանակ ցավի, հոգեկան ամենանուրբ փայփայանքի մը հեշտանքը ուզեմ տալ իրեն։ Կը սիրե այդ նոր խաղը։

Ու հատնող վերջալույսին մեջ, իր երջանիկ մանուկի հոգին կը համբուրեմ ու կը համբուրեմ...

12 հուլիս...

Պատրա՞նք է նորեն...

Շաբաթե մը ի վեր է որ շատ լավ կը զգամ ինքզինքս։ Մարմինս գրեթե ուժովցած է, ու կրնամ առանց հոգնելու մեկ երկու ժամ քալել։ Հազս գրեթե անհայտացած է. առտուները միայն քիչ մը կը հազամ։ Հիվանդ թոքիս կոտտուքը բացարձակապես չեմ զգար...

Ի՜նչ խենթ հույսերով կը լեցվիմ նորեն։ Երևակայել որ-եթե այսպես շարունակվի-կրնամ քանի մը ամիսեն կատարելապես բուժված նկատվիլ և...

Ահ, ի՜նչ պալատներ կը կանգնե երազս ամե՛ն գիշեր, ամե՛ն գիշեր...

17 հուլիս...

Սիրելիս, երազդ ավազի՜ վրա է կանգներ իր պալատները...

Եվ ահավասիկ փլան...

Զարհուրելի՛ ուժ մըն է ճակատագիրը։

Ահա անգամ մըն ալ նստած եմ հոս, սենյակիս մեջ, գունատ, ուժաթափ, անհույս, վայրկյանե վայրկյան սպասելով սարսափելի արյունին՝ որուն բոլոր նախանշանները կ՚երևին մարմնիս վրա։