Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Ես, հոգ չէ, սիրելիս,— ըսավ ու ժպտեցավ:

Մարդկային չէ՜ր այդ ժպիտը...

Ունեցա ճիշտ այն զգացումը զոր մարդ պիտի ունենար երբ հանկարծ գիտակցեր թե կը գտնվեր լռությանը մեջ սրբատեղիի մը զոր ակամա սրբապղծած էր...

Երբ իր ձեռքը համբուրելե ետք գլուխս վեր առի, տեսա թե կուլար: Մեր սրտազեղումը այն ատեն տարօրինա՜կ, տարօրինա՜կ եղավ..

29 հուլիս...

Երկու օրե ի վեր տեսած չեմ զինքը: Անըմբռնելի հավիտենություն...

Որոշած եմ շաբաթը անգամ մը միայն իրեն երթալ և տեսակցություններս ընել միշտ... վերապահ։ Այս որոշումս ունի իր մեծությունը և իր ծիծաղելիությունը։

Հակառակ տկար ըլլալուս, այս իրիկուն բուռն փափաք մը զգացի տված որոշումս բեկանելու, րայց բավական կամք ունեցա թումբ կանգնելու համար հորդող զգացմունքներուս դեմ:

Եվ ուրախ եմ:

Ահ, ուրա՛խ... իրա՞վ...

Ես ուրախ կրնա՞մ ըլլալ. ես իրավունք ունի՞մ ուրախ ըլլալու...

30 հուլիս...

Ով տառապողներուն ու հուսահատներուն Աստվածը, ուժ տուր իմ հոգիիս, որպեսզի կարենա ան գլուխ հանել այս հո- սանքն ի վեր թիավարումը զոր ճակատագիրը պարտադրեց իրեն: Կը զգամ թե վայրկյանե մը դեդևումը անդունդ պիտի տանե զիս և ան։

Ինչո՞ւ, Տե՛ր, ինչո՞ւ։

Երկու աղվոր հոգիներու ընկլզումը ճակատագրին մութ ջուրերուն տակ՝ չի՞ կսկծացներ քու խղճմտանքդ:

Օգնե՜, Տե՛ր, օգնէ՜ ինծի։