Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
8 օգոստոս…

Այսօր ալ չկրցա երթալ իրեն: Սենյակիս մեջ փակված, ամբողջ օրը ինքզինքս տվի հիմարական աշխատանքի, նպատակ ունենալով բթացնել և անգործության մատնել մտածումս։ Գրեցի, գրեցի, հետո պատուհանեն դուրս նետեցի ամեն ինչ որ գրեցի:

Արյունը դադրեցնելու համար տրված դեղը չգործածեցի. ի՛նչ հարկ. հակառակ ասոր՝ գրեթե արյուն չեկավ այսօր։ Սաստիկ հոգնած կը զգամ, աչքերս կը ցավին։ Հոգիիս մեջ բան մը կ՚այրի, կր հատնի…

Ի՞նչ կ՚ընե ան հիմա: Ժամը 11-ը կ՚անցնի։ Ըսել է՝ աղօթած է: Եվ անկողնին մեջ պառկած՝ իր սև-սև աչքերը մութին, կը մտածե…

9 օգոստոս…

Ախ, ինչպե՜ս կ՚ատեմ հին մարդը որ էի առաջ և որ իր մռայլ խենթությունովը — չես գիտեր ինչո՜ւ — քանդեր, փչացուցեր էր մեջս կյանքի այնքա՜ն թանկագին, այնքա՜ն վճիտ աղբյուրներ։

Հիշելը տառապիլ Է հիմա ինծի համար: Ահավոր խենթ մըն եմ եղած ես, անցյալին մեջ: Մուրճի հարվածներ տեղացուցած եմ գիշեր ցերեկ՝ շենքի մը, որուն տաճար ըլլալը նոր կը տեսնեմ: Ինչո՞ւ, Ինչո՞ւ: Ու փլեր է ահա ան։ Ու հիմա, անոր ավերակներուն մեջ ինկած, կ՚աշխատիմ բան մը փրկել անկե։ Բայց, ոչինչ: Ձեսքս ամեն կողմ մոխիրի մեջ կը խորասուզի…

Ինչպե՜ս կ՚անիծեմ իմ սա ձեռքերս։ Թեև մեղավո՜ր են անոնք։ Ահ, զարհուրելի՛ գիշերը որ կուրցուցած էր զիս… Եթե այն ատեն ծագած ըլլար այս աստղը…

Ո՛չ։ Հանցավորր Ա՛ն է, Ա՛ն…

10 օգոստոս…

Ժամ մըն է որ նստած եմ հոս, վերնահարկի այս պզտիկ պատուհանին առջև, բացառաբար գեզեցիկ վերջալույսի մը հետ մինակ:

Ի՜նչ հոյակապ շքեղություն է աս, հորիզոնն ի վեր, ու միանգամայն ի՜նչ ճակատագրական հատնում։

― 454 ―