Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՛նչ աղվոր մահերով մեռնիլ գիտե լույսը...

Աստղ չկա դեռ։ Պզտիկ լուսին մը, որ տակավին հազիվ քալել գիտե, կը շտապե դեպի հորիզոնը, լուռ, հոգնած, գրեթե հիվանդ։ Այս տխեղծ, այս ծյուրած լուսի՛նն է սակայն, որ պիտի տիրապետե, քանի մը օրեն, ամբողջ կամարին, ու պիտի անցնի՝ երազի մը պես աղվոր՝ միլիոնավոր հուսաբեկ հոգիներու վրայեն... Ախ, լուսի՜ն, քու ուժդ ունենայի...

Իրիկվան աստղը կը տեսնեմ, ահավասիկ։ Ինչե՛ր կը հիշեմ ես այն աստղով։ Ինչո՞ւ կը դողաս, հոգիս... Գոցե՞մ այլևս պատուհանը...

Կյանքը, եթե նույնիսկ անզգամ հեգնություն մը եղած ըլլա այն, հոյակապ հրաշալի՜ք մըն է։ Կարելի չէ չտեսնել ասիկա։

Ախ, կլա՜նքը, կյա՜նքը...

Ինչպե՜ս կ՚ուզեմ կմախքացած բազուկներուս ամբողջ հուսահատությունովը փաթթվիլ անոր ու պաղատիլ որ չլքե՜ զիս...

Հորիզոնը կորսնցուցեր է իր շքեղությունը։ Ի՜նչ շուտ։ Ամպերը, փոխանակ երազի, դեզ-դեզ մոխիր կը սեղմեն իրենց կուշտին։ Հատավ։

Երթամ քնանամ։

11 օգոստոս...

Ն...ին հազը չէ դադրած դեռ։ Գիտեմ, սուտ կը խոսի, զիս չվրդովելու համար։

Իմ դժբա՜խտ հրեշտակս...

Ամեն իրիկուն կը տեսնեմ, հակառակ ծածկելու համար իր ջանքերուն, կոկորդի այն տառապեցնող անհանգստությունը որ զարհուրելի՛ ախտանշան է թերևս...

Ու դաշո՛ւյն կը մխեն կարծես իմ սրտիս։

Ախ, ճի՞շտ է, ճի՞շտ է արդյոք հիվանդագին նախազգացումս որ տառապանքե տառապանք կը նետե զիս:

Ինչո՞ւ կ՚ապրիմ դեռ:

13 օգոստոս...

Այսօր ալ չգացի իրեն, հակառակ բուռն փափաքիս։ Իրիկունը, գրելե սաստիկ հոգնած, ելել էի իրեն երթալու: Բայց հանկարծ,