Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քիչ մը հոգիդ էր…

Ու Ժամե՜րը որ անցուցինք հյուրասրահին մեջ, դուն, ես ու Մալվինը. հաճախ դուն և ես մինակ՝ երբ Մալվինը կ՚երթար Շյուպերտ նվագելու. քա՜ղցր կին: Հետո քու մելամաղձի նոպադ… Որքան սիրեցի քեզ այդ վիճակիդ մեջ, գթալով հանդերձ։ Որչափ քաղցր էր լուսնին տակ, բազմոցի մեկ անկյունը, քեզմե քիչ հեռու, լսել քու լացդ։ Սիրելի Մելիսանտ, կը խոստովանիմ թե խորապես գեղեցկագիտական հույզը որ տվիր ինծի այդ պահուն, ոչինչի հետ կարելի է բաղդատել։ Ան կուգար բարձրեն.— Ուրկէ՞. քիչ մը լուսինեն և շատ մը՝ հոգիեդ։

Պատշգամին վրա, քու կիսավարտ բառերդ, վախդ վաղորդայնեն, ամաչկոտությունդ ու տարօրինակ սարսուռները՝ որ հանկարծ խենթ զեղումով մը կը լեցնեին քեզ… Ահ, այդ բոլո՜րը…

Բայց պետք չէ՞ որ ըսեմ քեզի թե երբեմն տխուր կը զգամ քեզ ճանչած ըլլալուս համար։ Գիտեմ թե նորեն պիտի չհասկնաս զիս և պիտի ծառանաս։ Ըսե՛, սակայն, ի՞նչ պիտի ընենք կամ ի՞նչ պիտի ըլլանք մենք. դուն՝ գողտրիկ Մելիսանտ, ապագայով և արևոտ անակնկալներով լեցուն. ես՝ պզտիկ բանաստեղծ մը որ լոկ քանի մը երազ ունի այնքան տժգույն, և որ հիվանդ է իր մարմնով և հոգվով… Կը տեսնես թե ինչպես կանգ կ՚առնեմ հևասպառ՝ քիչ մը ճամբա ընելեն հետո, կամ սիրո պզտիկ ան֊ մեղ խաղե մը ետքը։ Կը տեսնե՛ս այդ, բայց դեռ չես տեսած սարսափելի հևասպառումները հոգիիս…

Կ՚ուզեմ վերջացնել նամակս…

* * *

Իմ Հրեշտակս,

Ժամը 10֊ը անցավ, ու դեռ անկողին չեմ մտած, հակառակ խոստումիս։ Չեմ կրնար, Ն…, թեև դիտես թե ես քու կամքիդ հակառակ ոչինչ կ՚ուզեմ ընել։ Բայց, երբեմն, տարօրինակ, գրեթե տարերային տրտմություն մը, որ հոգիիս շատ խորերեն կը բարձրանա, այնպես մը կը հաստատե իր տիրապետությունը վրաս, որ չեմ կրնար չմեղանչել… անքուն մնալ, ծխել, նույնիսկ… խմել…

Ներե՜ իեծի, Ն…, ներե՜, ներե՜...