Ն Ա Մ Ա Կ Ն Ե Ր
- Ն-ին
- Սիրելի Մելիսանտ,
Այս չէ նամակը զոր խոստացա քեզի։ Շուտով պիտի գրեմ զայն, բայց որպեսզի չսպասես և կասկած չունենաս առողջությանս մասին, այս տողերը կը գրեմ քեզի: Քույրդ կը խաղա պարտեզին մեջ. կրնամ իրեն հետ ղրկել։
Կատարելապես վստահ եղիր։ Հրաշալիորեն լավ կը զգամ։ Իրավ է թե պզտիկ անհանգստություն մը ունեցա, որ նույնիսկ թեթև պաղառություն մը չէր։ Գլխու ցավ մը, ոչինչ բան մը, որ շուտով անցավ։
Եվ դո՛ւն, ի՞նչ կ՚ընես։ Ի՞նչ ըրիր այն տարօրինակ գիշերեն ի վեր։ Պետք է նոթագրել այդ գիշերը՝ որպես երկրորդ «խենթության գիշեր» մեր «Բարեկամության Պատմություն» կամ «Ս...ի Պատմություն» գրքին մեջ...Արդե՞ն...
Կը մտածեմ այն քաղցր հաշտության՝ որ մեր հոգիները ըրին թրքական գերեզմանատան մեջ, այդ սև և անհուն նոճեստանին մեջ։ Ինչքա՜ն աղվոր էիր այդ պահուն։ Ա՜հ։ Այն դողը և քաղցրությունը, որ մեր հոգիները մղեց ներել իրարու: Ոչ իսկ բառ մը կամ գգվանք մը մոռցած եմ...
Հետո, քու վախդ վերադառնալու տուն... Կ՚ըսեիր թե հանդիմանություն պիտի լսես մորմեդ և կուլայիր անհուն ու սև նոճիներուն տակ։ Լուսինն ալ կուլար քու վրադ, հե՜ք պզտիկ Մելիսանտ...
Ու մեր փախո՜ւստը ստվերին մեջեն... Մեր ապաստանիլը բարեկամներու մոտ, նման երկու թռչուններու՝ որոնք ալ կորսնցուցած են իրենց վախը մարգերեն։
Ինչքան ազնիվ էր Զարեհը... Ու Մալվինը՝ որ կարող էր առանց մեծ դժվարության ըմբռնել մեզի պատահածը... Զարեհը իրական ճենտլմեն մըն է. իսկ կինը՝ ծանո՞թ չէ արդեն սիրո կածաններուն...
Ու մեր ճաշը։ Այնքան հաճույքով ըմպեցի գինին։ Կը զարմանայի որ գեշ կը նկատեին և անտանելի համ կը գտնեին, իսկ նա այնքան տանելի կը գտնեի զայն՝ որովհետև այդ տժգույն- կարմիր ըմպելին չէր որ կը խմեի գավաթիս մեջեն, այլ բոլորովին ուրիշ բան...