Էջ:Matteos Zarifian, Works.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգի՝ սա Մեծարենցը... ես իրմեն սիրերգ մը և մեկ քանի երկրորդական կտորներ միայն կարդացեր էի։ Մեղք որ իր ատենին չենք ապրեր։ Ի՜նչ երկնային բան պիտի ըլլար այս տղուն հետ գլուխ գլխի տալ Թեփեի (Սկյուտար) «Ջարտախ»-ին տակ՝ կիրակի իրիկուններ... A propos, Մեծարենցը կը խմե՞ր արդյոք։ Սիրունիին ասիկա հարցուր անպատճառ.— Էհ, հոյակապ մանրամասնություն է աս։

Երևակայե՜, Գևորգ... Մայրամուտ, Մեծարենց, օղի — այս երեքը մեկ ունենալ...

ՀԱԿՈԲ ՍԻՐՈԻՆՈԻՆ
Բրինքիբո, 15 փետր. 1924

Սիրելի Սիրունի,

Ժամանակին ստացա նամակդ։ Շատ շնորհակալ եմ սփոփանքի բառերուդ համար։ Չկրցա շուտ պատասխանել հակառակ փափաքիս։ Նոր տարիեն ի վեր անկողնին գամված կը մնայի, անկարող ամեն տեսակ աշխատանքի։ Այս տարի շատ դաժան ձմեռ մը ունեցանք հո՛ս. ամեն օր ձյուն ու փոթորիկ։

Ի՛նչ մեծսիրտ է սա արևը. շուտ մը քեն կ՚ընե և ալ ամիսներով չի հաշտվիր հետդ, հակառակ բոլոր պաղատանքներուդ։ Կը հավատա՞ս, շատ գիշեր կ՚աղոթեմ իրեն — արևին — իր գութը հայցելով։ Ա՜հ, հիվանդները շատ լավ կ՚ըմբռնեն իմաստությունը արևապաշտության։ Ի՜նչ քաղցր ու ի՜նչ ճշմարիտ կրոն — լեռներու վրա ճառագա՜յթ համբուրել։ Բաղդատե ասիկա մեր ժամանակի սա՛ պզտիկ մարդոց կրոնին հետ։ Ա՜խ, ինչպես կ՚ատեմ այս ամերիկացի միսիոնարները։

Բայց ինչո՞ւ այստեղվանքը եկա, նամակս սկսելուս պես..․ իրավ որ չեմ գիտեր։ Միտքս տենդ ունի դեռ, թեև երկու օր է ելած եմ անկողինես։ Արևին հետ հաշտվեցանք վերջապես։ Ահավասիկ, եղևնիներուն մեջեն իր լույսին հեղեղը։ Ի՜նչ աղվոր է ճառագայթ խմելը, այսպես աչքերը գոց։ Թեև ես շատ եմ արբեցեր օղիով, գինիով և տարփանքով, Չամլճայի «Խառապաշ»–ներուն քովիկը և կամ Պուլտուրի և Սպարդայի վարդենիներուն տակ, բայց ոչի՛նչ կը հավասարի ասոր։ Գիտե՞ս թե ինչ կը նշանակե ցամքած, սևցած, պատառ պատառ եղած հոգի մը հանկարծ արևով լեցնել։ Ա՜խ, կյանքին կատակները...