Էջ:Metsapativ murackanner.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աղան ալ ուրիշ նպատակով եկած չէր Կ. Պոլիս։ Ընթերցողս չմոռցավ նաև, թե այս ամուսնության խնդիրն ո՛րչափ միտքը գրաված էր Աբիսողոմ աղային, որ առջևեն եկող էշերը չտեսնելով՝ անոնց միույն դեմ բախեցավ։ Թերևս հարցվի, թե Աբիսողոմ աղային դեմ բախվող ավանա՞կն ալ ամուսնության վերաբերյալ գործ մ’ուներ, որ յուր առջև չտեսավ Աբիսողոմ աղային պես խոշոր մարդ մը։ Անոնք, որ պատմության քիչ կամ շատ ծանոթություն ունին, գիտեն, որ էշերը, որոնց նախահայրերեն մին ժամանակավ հրեշտակ տեսած է[1], բնավ կարևորություն չեն տար մահկանացուներուս և կուզեն, որ միշտ մենք ճամփա բանանք իրենց։ Աբիսողոմ աղան եթե պատմության տեղյակ ըլլար, կամ կին առնելու խնդիրով միտքն չզբաղեցուներ, անշուշտ ճամփա պիտի բանար այդ արարածներուն, որք իրենց ականջներով Միդաս[2] թագավորին ներկայացուցիչներն ըլլալու պատիվն ալ կը վայելեն։

Արդ, Աբիսողոմ աղան էշերեն բաժնվելեն ետքը Ծաղկի փողոցը գտնելու համար անոր ասոր հարցումներ կուղղեր․ վասնզի ինքն առաջին անգամ էր, որ Պոլիս կուգար, և Տրապիզոն բնակվող բարեկամներեն մին խորհուրդ տված էր իրեն, թե հանգիստ ուտելու և պառկելու համար հիշյալ փողոցը, հիշյալ թիվը կրող տունն իջնելու էր։ Այդ բարեկամն շաբաթ մը առաջ Մանուկ աղային ալ նամակով իմացուցած էր, որ Աբիսողոմ աղան իրեն տունը պիտի բնակեր։ Աբիսողոմ իրեն տրված տեղեկություններուն համեմատ մեկ փողոցեն կը մտներ, մյուսեն կելլեր, երբեմն ալ սխալմամբ անել փողոցներու մեջ կը մտներ, կը բարկանար, ետ կը դառնար և մեկ կողմեն ալ կը կասկածեր, որ բեռնակիրներն իրեն անկողինն և սնդուկներն առնելով չփախչեին, թեպետ և անոնց հավա­տարմությունն շատերեն լսած էր։

Ժամու մը չափ Բերայի փողոցները չափելեն ետքը՝ Աբիսողոմ աղան հաջողեցավ վերջապես գտնել Ծաղկի փողոցն, զոր շփոթելու չէ նույն անունը կրող փողոցին հետ, որ Բերայի հրդեհեն մոխիր դարձած էր հազար ութը հարյուր յոթանասունը չեմ հիշեր քանիին։ Այս փողոցն Ծաղկի փողոց կանվանվեր սա պատճառով, որ հոն բոլոր տուներուն պատուհաններուն առջև միշտ ծաղիկ­ներ կը գտնվեին։

— Երկու թիվն ո՞րն է,— հարցուց, առանց գիտնալու, Մանուկ աղային կնոջը, որ դռան առջև յուր էրկանը գալստյան կսպասեր։

— Աս է հրամմե՛ցեք, Աբիսողոմ աղա,— պատասխանեց տիկինը։

— Անկողինս և սնդուկներս բերի՞ն։

— Բերին, Աբիսողոմ աղա․ վեր հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, եթե կուզեք,


  1. Հրեշտակ տեսած էշը Միջնադարի մոգ Բաղաամի էշն է (ըստ Աստվածաշնչի), որ հրեշտակ տեսավ և խոսել սկսեց։
  2. Միդասը փռյուգիական առասպելական թագավոր էր, որին պատժեց Ապոլլոն աստվածը նրա գլխին իշի ականջներ բուսցնելով։