Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ մը հոգնություն առնելու համար սա պզտիկ սենյակը նստեցեք,— ըսավ կինը գետնահարկի վրա պզտիկ խուց մը ցույց տալով։

— Շատ հոգնած եմ, քիչ մը հոս կը նստիմ։

— Ձեր կամքն ինչպես որ կուզե, այնպես ըրե՛ք, Աբիսողոմ աղա․ տունը ձերն է Աբիսողոմ աղա․ ձեր տունին պես հանգիստ ըրե՛ք։

— Շնորհակալ եմ։

Աբիսողոմ աղան պզտիկ սենյակը մտավ առաջնորդությամբ տիկնոջ, որ ղամբար մը բռնած էր, որուն կազը հատնելու վրա էր։

— Ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա, տունեն ի՞նչպես են, աղե՞կ են։

— Աղեկ են։

— Թող աղեկ ըլլան, ձեր զավակներն ի՞նչպես են, Աբիսողոմ աղա, դպրոց կերթա՞ն։

— Զավակ չունիմ։

— Ձեր տիկինն ի՞նչ կընե, աղե՞կ է, Աբիսողոմ աղա։

— Տիկին չունիմ դեռ։

— Կարգված չե՞ք, Աբիսողոմ աղա։

— Չէ։

— Շատ լավ, հոս աղվորիկ աղջիկ մը գտնենք ու պոլսեցի ընենք քեզի, Աբիսողոմ աղա։

— Անանկ միտք մը ունինք,— պատասխանեց Աբիսողոմ աղան․ բայց աղջիկեն առաջ ես կերակուր կուզեմ, վասնզի առտվնե ի վեր բերանս բան դրած չեմ։

— Շատ աղեկ, Աբիսողոմ աղա, շատ աղեկ․ հիմա կը բերեմ ձեր կերակուրն։

Տիկինը դուրս ելավ և դուռը բանալով սեմին վրա կայնեցավ՝ սպասելու համար Մանուկ աղային, որ, ինչպես կը հիշեն ընթերցողները, դայակ փնտրելու գացած էր։

Աբիսողոմ աղան սենյակին մեջ միակ մնալով՝ բարձի վրա դրված Զեն Հոգևորն[1] առավ և թղթատել սկսավ զայն․ բայց որովհետև մարդս անոթի եղած ժամանակ գիրք չկրնար կարդալ, ինչպես նաև չկրնար գիրք գրել, նորեն բարձին վրա դրավ Զեն Հոգևորն, վասնզի փորն կիմացուներ իրեն, թե Զեն մարմնավորին պետք ուներ, և սկսավ սենյակին մեջ պտտելու։

— Կաղաչեմ, Աբիսողոմ աղա, որ ձեր տունին պես հանգիստ ընեք,— ըսավ տիկինը սենյակը մտնելով։

— Անհանգստության պատճառ մը չունիմ, միայն թե անոթի եմ և կերա­կուր ուտել կուզեմ։


  1. Զեն Հոգեվոր — իսկական վերնագիրն է, «Գիրք կոչեցյալ Զեն Հոգևոր» Պոլսի պատրիարք Հակոբի աշխատությունն է, լույս է տեսել Պոլսում 1757 թվականին․ ունի կրոնական-բարոյախոսական բովանդակութուն և մեծ հռչակ է վայելել հոգևորականության շրջաններում։