Էջ:Metsapativ murackanner.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ձեռքեն․ սա ինչ փորձանքներ են, որ կուգան գլուխս այսօր՝ Պոլիս ոտք կոխելես ի վեր։ Շոգենավեն հազիվ դուրս ելած էի, խմբագիրին մեկը երկու ժամ գլուխս ցավցուց․ անկից զատվեցա և մինչև որ տունը գտա, հազար նեղություն քաշեցի։ Տուն եկա, որ քիչ մը շունչ առնեմ և կերակուր ուտեմ, տանտիկինը զիս անոթի կը պահե և միշտ ներս կուգա, կաղաչե ինծի, որ բան մը հոգ չընեմ և հանգստությանս նայիմ։ Աս ալ հերիք չէր, և ահա այս մարդը կուգա, բռնի քթախոտ քաշել կուտա ինծի և Դավիթ մարգարեեն խոսք բանալով՝ երկու ոսկի կառնե, կերթա․ երթա բարով։ Այս ամենը քաշեցինք անոթի փորանց․ բայց սա կերակուրս ինչո՞ւ համար չեն բերեր․ այս գիշեր անոթի՞ պիտի պահեն զիս․․․ աս ի՞նչ խայտառակություն է․․․

Այս հարցումներն կուղղեր Աբիսողոմ աղան, և ահա գազն, որ արդեն հատած ըլլալով տկար լույս մը կուտար, կը մարի և մութի մեջ կը ձգե հյուրը։

— Բայց քաշվելու բան չէ աս,— կը շարունակե խոշոր մարդը,— կամ ուրիշ տեղ մը երթալու է և կամ կինը կանչելով քանի մը խոսք ըսելու է։ Ես իմ քաղաքիս մեջ երկու սպասավոր ունեի, որ դեմս բարև կը բռնեին․ սեղանը կանուխ կը պատրաստեին և իմ գործերս կը տեսնեին․ սպասավորներով վարժված մարդ մը ինչո՞ւ այս նեղությունն քաշե հիմա։

— Աս ի՞նչ է, գազը մարա՞ծ է․․․— հարցուց տիկինը սենյակին դուռը բանալով։

— Այո՛, մարած է,—պատասխանեց Աբիսողոմ աղան՝ զսպելով յուր զգացած նեղությունն, որ ավելնալու վրա էր։

— Դուն հանգիստ եղիր, Աբիսողոմ աղա, այդ բաները նայիլը մեր գործն է։

— Այո՛, բայց ես անոթի եմ և սպասելու կարողություն չունիմ։

— Ես ի՞նչ ըսի քեզի, դուն սիրտ մի՛ հատցուներ․ ամեն բան ինծի ձգե՛, ես կը հոգամ։

Տիկինը շուտ մը դրացվույն տունը վազեց և անոր գազն բերելով լուսավորեց Աբիսողոմ աղային խուցը։


Դ

Այս լուսավորության վրա կես ժամ չանցավ, և Աբիսողոմ աղային ներկայացավ երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ․ սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա։ Հազիվ երեսուն երկու տարեկան կը թվեր։ Կապույտ աչերով, դեղին մազերով զարդարված ըլլալով՝ ուներ նաև երկու մատ մորուք, որ մայրաքաղաքիս մեջ կամ սգո նշան է և կամ չքավորության։ Հագուստներն այնքան հին էին, որ հնախույզները զանոնք գնելու համար մեծաքանակ գումար մը կուտային։ Սակայն եթե հագուստի մասին վանողական էր, դեմքի մասին քաշողական զորություն ուներ այս անձը։