Եվ այն օրեն ի վեր եպիսկոպոսն կարճ կը խոսի քարոզի մեջ։
Աբիսողոմ աղան չունեցավ այս համարձակությունը և խրախույս տվավ Մանուկ աղային, որ շարունակե յուր ճառը դոմադեսական հարցման պատասխանելեն ետքը։
— Դոմադեսը հոս կը գործածենք ապուրի մեջ, բիլավի[1] մեջ և ուրիշ մսեղեն քանի մը կերակուրներու մեջ, բայց բնավ երբեք ժամացույցի մեջ։
— Շնորհակալ եմ․ ապուրի մեջ կը գործածվի ըսել է ես ալ ատ գիտնալ կը փափագեի։
— Ապուրը դոմադես՞ով կը սիրեք, թե ոչ։
— Դոմադեսով կը սիրեմ։
— Շատ աղեկ։ Դառնանք հիմա մեր խոսքին․․․ ո՞ւր մնացինք․․․ հա՛, Թորոս աղային վրա էր։ Տարօրինակ մարդ մ’ե աս Թորոս աղան, ականջը խոսի, շատ պատմություններ ունի․ ուրիշ գիշեր մը զանոնք կը պատմեմ, և ժամանակ կանցունենք։ Երկար չընենք, աս առտու հանդիպեցա Մելքոն աղային․․․
— Բերի, որ տաք տաք ուտենք,— ըսավ տիկինը ներս մտնելով և ապուրը բերելով։
— Այո՛, այո՛, ուտենք, վասն զի շատ անոթի եմ,— ըսավ Աբիսողոմ աղան։
— Հրամմեցե՛ք․․․
— Շնորհակալ եմ, ըսավ Աբիսողոմ աղան և գդալը բերանը տանելու մնաց, մեկեն ի մեկ վեր ցատկեց։
— Կարծեմ թե շատ տաք էր, ներեցե՛ք, Աբիսողոմ աղա,— ըսավ տիկինը։
— Քիչ մը ջուր առ բերանդ, Աբիսողոմ աղա,— ավելցուց Մանուկ աղան։
— Վնաս չունի, վնաս չունի․․․
— Տիկի՛ն, ինչո՞ւ համար ուշադրություն չեք ըներ կերակուրներու տաքությանը կամ պաղությանը,– ըսավ էրիկն կնոջը։
— Ա՛լ այս գիշեր մեր պակասություններուն աչք գոցելու է Աբիսողոմ աղան։
— Վնաս չունի, բան մը չէ։
— Ապուրը մինչև որ պաղի, այս օրվան դեպքը պատմեմ գոնե,– ըսավ Մանուկ աղան։
– Մանո՛ւկ աղա, Աբիսողոմ աղային գլուխ մի ցավցուներ այս գիշեր․ թերևս չախորժիր։
— Ժամանակ անցունելու համար պիտի խոսեի, որ զբոսնու և չնեղվի։
— Ուրիշ գիշերվան թող․ այս գիշեր հոգնած-հոգնած կրնա՞ քեզի մտիկ ընել։
— Կարծեմ թե Աբիսողոմ աղան սիրով մտիկ կընե ազգային գործերը և բնավ ձանձրություն չզգար։
- ↑ Փլավ