— Այո՛, սիրով մտիկ կընեմ, պատասխանեց հյուրը,— բայց տիկինին ըսածին պես վաղը գիշերվան թողունք, վասնզի այսօր շատ հոգնած եմ։
— Շատ լավ, շատ լավ, ինչպես որ կուզեք, այնպես ըլլա․ բայց մեր թաղին թաղականին գործը շատ զվարճալի է։ Մելքոն աղան եթե հոս ըլլար և պատմեր, խնդալեն կը ճաթեինք։
— Ապուրը պաղեցավ, հրամմեցե՛ք,— ըսավ տիկինը։
Աբիսողոմ աղան այս հրավերն առնելուն պես՝ գդալով ապուրին վրա հարձակեցավ։
— Օղի մ’ալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա։
— Շնորհակալ եմ, չեմ ուզեր։
— Տիկին, Աբիսողոմ աղային գինի լեցուր։
— Մանուկ աղա, այս գիշեր այլանդակ խոսքեր կընես, ապուրի վրա գինի կը խմվի՞։
— Ինչո՞ւ չխմվիր, տեսնենք պիտի հավնի՞ մեր գինիին։
Տիկինը դուրս ելավ և խաշած միս բերելով սեղանին վրա դրավ։
Աբիսողոմ աղան այնպիսի ախորժակով մը կուտեր, որ մսի կտորները առանց ծամելու կը կլլեր։
— Փառք քեզ, աստվա՛ծ, այս գիշեր ալ կշտացանք,— ըսավ Աբիսողոմ աղան փորն քահանայի մը պես լեցնելեն ետքը և երեսը խաչակնքելով ու ցած ձայնով հայր մերն ըսելով՝ սեղանեն ելավ և լվացվելու համար ջուր փնտրեց։
— Կերակուրեն վերջը կը լվացվի՞ք,— հարցուց տիկինը հյուրին։
— Եթե ջուր ըլլար․․․
— Մենք սովորություն չունինք, բայց ձեզի քիչ մը ջուր բերեմ և լվացվեցեք։
Աբիսողոմ աղան լվացվեցավ և ձեռները չորցնելու ատեն հարցուց տիկինին, թե որ սենյակին մեջ պիտի պառկեր։
Տիկինը ճրագով երկրորդ հարկը սենյակ մը առաջնորդեց հյուրին և վար իջավ։
Այս պառկելու սենյակն փոքր էր, և անոր ճիշդ չափը տված կըլլանք, եթե ըսենք, որ Աբիսողոմ աղային հասակին երկայնությունն ուներ։ Անկողինը շինված էր այն միակ պատուհանին առջև, որ փողոցի վրա բացված էր։ Աթոռ մը, քառակուսի պզտիկ սեղան մը, փոքրիկ հայելի մը, ջուրի շիշ մը և գավաթ մը, սանտր մը, վրձին մը այս սենյակին կարասիքը կը կազմեին։
Աբիսողոմ աղան սենյակեն ներս մտնելուն պես ձեռներն բացավ և նորեն փառք տվավ աստուծո, որ վերջապես խալսեցավ փորձանքներեն և առանձին մնաց։ Բանտեն արձակվող մը չէր կարող ավելի ուրախություն զգալ։ Փառաբանությունն ավարտելուն պես հանվեցավ և ինքզինքն անկողնո մեջ նետեց։
— Ասկեց ետքը ընելիքս գիտեմ,— ըսավ անկողնո մեջ, և ոչ մեկու հետ պիտի տեսնվիմ, վասնզի ես այս պոլսեցիները շատ չսիրեցի, ասոնք կամ դրամդ