Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ պիտի քաշել տանք․․․ իմ ակռաներըս աղեկ են։

— Գիտեմ, որ ակռաներդ աղեկ են, ինչպես նաև դուք ալ աղեկ եք․ ես կը փափագիմ ձեր լուսանկար պատկերը քաշել։

— Ես մինչև հիմա պատկերս բնավ քաշել տված չունիմ և քաշել տալու հարկ մ’ալ չեմ տեսներ, վասնզի ամեն օր հայելի կը նայիմ և ինքզինքս կը տեսնեմ։

— Եթե ձեր պատկերը մեկու մը ղրկելու ուզեք, հայելին կրնա՞ք ղրկել, Աբիսողոմ աղա։

— Հայելին ինչո՞ւ ղրկեմ, ես կերթամ։

— Շատ աղեկ կը խոսիք, բայց ես մինչև որ ձեր պատկերը չհանեմ, չեմ կրնար հանգիստ ըլլալ․ ինծի համար պզտիկություն մ’է ձեր պատկերը չհանելը, թող որ ձեզի համար ալ այնպես է։

— Ինչո՞ւ։

— Լսված բա՞ն է, որ ձեզի պես երևելի մարդ մը Պոլիս գա և պատկերը քաշել չտա․ աշխարհ արարատ ձեր վրա պիտի խնդացնե՞ք։

— Ինչո՞ւ։

— Պատճառը հայտնի է, մեծ մարդերը բնականաբար մեծ բարեկամներ կունենան․ դուք մեծ մարդ մ’եք և այսօր կամ վաղը պիտի սկսեք մեծ մարդե­րու այցելություններն ընդունել։ Ասոնցմե շատերն իրենց պատկերներն մեյմեկ հատ պիտի նվիրեն ձեզի, և դուք ալ պիտի ստիպվեք ձերինեն մեյմեկ հատ տալ անոնց։

— Եվ եթե չտամ, կը խնդա՞ն իմ վրա։

— Խնդալն ալ խո՞սք է, ընկերություններու մեջ մատի վրա կառնեն քեզի։

— Զարմանալի բան․․․

— Լսված բա՞ն է, որ ձեզի պես ազնվական մը պատկերը հանել չտա․ մեծ ամոթ է․․․

— Մե՞ծ ամոթ․․․

— Այո, շատ մեծ ամոթ է․ անվարտի[1] պտտիլն այնքան ամոթ չէ, որքան իրեն պատկերն չունենալը։

— Ես չէի գիտեր։

— Քաղաքակրթյունը և լուսավորությունը պարտք կը դնեն մեր ամենուս վրա, որ մեր պատկերներն ունենանք։

— Լրագիրները պիտի գրե՞ն, որ Աբիսողոմ աղան յուր պատկերը քաշել տված է։

— Լրագիրներու վերաբերյալ խնդիր մը չէ աս․․․

— Ըսել է թե եկեղեցիներու մեջ ծանուցում ալ չպիտի ըլլա։

— Ծանուցումի ի՞նչ հարկ կա, Աբիսողոմ աղա, կը ծաղրե՞ք զիս։


  1. Առանց վարտիքի