Jump to content

Էջ:Metsapativ murackanner.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկինը վար գնաց։

— Տեսնենք ո՞վ է աս մարդը,— ըսավ ինքնիրեն խոշոր մարդը,– թերևս աղջիկ ունի կարգելու և իմ Պոլիս գալս իմանալով՝ առավոտուն կանուխ հետս խոսելու եկած է։ Բայց ես մինչև որ չստուգեմ աղջկան ինչ բնության տեր ըլլալը, խոսք չեմ տար․ նախ ամեն բան հասկնալու եմ, աղջիկը քննելու եմ, վերջեն հորս հարցնելու եմ․ վասնզի իմ սիրելս բավական չէ, պետք է որ հայրս ալ սիրե իմ կինս․ ոչ թե միայն հայրս, այլ ամեն մարդ հավնելու է․․․

— Բարև, վսեմափայլ տեր,— ըսավ երեսնամյա և վառվռուն երիտասարդ մը սենյակ մտնելով և արագաքայլ Աբիսողոմ աղային վազելով՝ անոր ձեռները սղմելու համար։

Աբիսողոմ աղան տեղեն ելավ և ձեռները հանձնեց այդ երիտասարդին, որ ուզածին պես սղմե և թոթվե[1] զանոնք՝ հազար ու մեկ հարգանքներ մատուցանելով։

— Նստեցե՛ք, Աբիսողոմ աղա՛, կաղաչեմ, չվայլեր, որ ոտքի ելնեք,— ըսավ երիտասարդն՝ տիրոջը դարձնելով իրեն հանձնված ձեռներն և կոտրտվելով ետ ետ գնաց, թիկնաթոռի մը վրա նստավ։

Աբիսողոմ աղան բազմոցին վրա բազմեցավ։

— Արդարև մեր պարտքն էր երեկ գալ և ձեր գալուստը շնորհավորել, բայց ուշ իմացանք ձեր գալն․ ասոր համար հատկապես ձեր ներողությունը կը խնդրենք,— ըսավ երիտասարդն ձեռներն իրարու շփելով։

— Այսօր գալով պակասություն մ’ ըրած չեք ըլլար, որ ներողություն խնդրեք։

— Ձեր քաղաքավարությունն է, որ այնպես խոսել կուտա ձեզի, բայց մենք մեր պակասությունը միշտ կը ճանչնանք։ Արդարև մեծ պակասություն մ’ է մեր ըրածը․ ձեզի պես երևելի մարդ մը մայրաքաղաքս գա, և պատկերահան մը անմիջապես բարի եկարի չերթա, պակասություններու պակասությունն է, որ և ոչ մեկ կերպով մը կրնա պակասություն ըլլալե դադրիլ։

— Ամենևին պակասություն մը չէ, եթե բնավ չգայիք, դարձյալ պակա­սություն մը չէր համարվեր ինծի համար։

— Շատ վեհանձն եք։

— Ամենևին վեհանձն չեմ։

— Թող այնպես ըլլա, ատոր համար հիմա վիճաբանության մտնելու հարկ չեմ տեսներ․ միայն ինքզինքս ձեր տրամադրության տակ կը դնեմ և ձեր հրամաններուն կսպասեմ, եթե կուզեք, հոս քաշել[2] տվեք, եթե կը փափագիք, մեր գրասենյակը պատվել հաճեցեք, և հոն հանենք․ ինծի համար միևնույն բանն է դուք ինչպես որ կախորժեք, այնպես ընելու պատրաստ եմ։

  1. Թափ տալ
  2. Այստեղ՝ լուսանկարել։