Էջ:Metsapativ murackanner.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հատ տխուր դեմքով, տասներկու հատ ալ ոչ խնդումերես[1] և ոչ տխուր դեմքով։ Այո՛, Աբիսողոմ աղա՛, աս ըսածներես հատ մը եթե պակաս ըլլա, ձեր պատվույն վնաս կուգա։

— Իրա՞վ կըսեք,— հարցուց Աբիսողոմ աղան։

— Սուտ խոսելու բնավ պարտականություն չունիմ․ եթե ասոնք չունենաս, քու վրադ աղեկ աչքով չեն նայիր․ բոլոր մեծ մարդերն ասոնք ունին։

— Մեծ մարդերն ունի՞ն․ աղեկ գիտե՞ս։

— Այո, ունին։

— Պզտիկներն ալ ունին՝ ըսիր հապա։

— Պզտիկներն այս չափ չունին, անոնք կամ երեք հատ և կամ շատ շատ վեց հատ հանել կուտան։

— Բնավ մտքես չէր անցներ, որ պատկերին այս չափ կարևորություն կը տրվի հոս։

— Այո՛, կարևորությունը հիմա միայն պատկերներուն կը տրվի, և որքան աղեկ քաշված ըլլան, այնքան ավելի կարևորություն կառնեն։

— Քանի որ ամեն մարդ յուր պատկերն ունի, իմ մեծ մարդ ըլլալս ինչե՞ն պիտի հասկցվի․ միայն մեծ մարդերը քաշել տալու էին, որ այն ատեն․․․

— Բայց մեծ մարդերունը ուրիշ տեսակ է, խոշոր դիրքով և փայլուն թուղթի վրա կը հանեն։

— Չկրնա՞ր ըլլալ, որ սպասավորներս ալ առջևս բարև բռնած հանենք։

— Շատ աղեկ կըլլա։

— Իրա՞վ կըսեք։

— Այո՛։

— Օրինակի համար ես ագարակներ ալ ունիմ, որոնց մեջ շատ մը կովեր, ոչխարներ, ձիեր, սագեր, բադեր կան, անոնք ալ կարելի չէ՞ պատկերին մեկ կողմը դնել։

— Ատոնք կարելի չէ, սպասավորներդ կրնաս առնել, այնպես չէ՞, պարոն Դերենիկ։

— Այո՛, այնպես է,— պատասխանեց պատկերհանը։

— Չկրնա՞ր ըլլալ, որ,— հարցուց նորեն Աբիսողոմ աղան,— պատկերին տակը գրվի, որ այս մարդն ագարակներ[2], ձիեր, կովեր, էշեր ունի։

— Ատ չգրվիր․ կրնա գրվիլ, բայց մինչև այսօր սովորություն եղած չէ։ Սակայն ի՞նչ հարկ կա զանոնք գրելու, արդեն ամեն մարդ շուտով կիմանա։

— Ձիու վրա նստած կրնա՞նք հանել։

— Այո՛,— պատասխանեց Դերենիկը։

— Ձին վազցունելով սակայն։



  1. Ոչ ծիծաղկոտ երեսով։
  2. Կալվածներ