Էջ:Metsapativ murackanner.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըսեմ, վերջեն ինծի պատճառ չբռնես. աղեկներն ալ կան, բայց գտնելը շատ դժվար է։ Քու ըսած աղջիկներուդ մեջ անանկներ ալ կան, որ իրենց ուզած մեկը կը սիրեն և շատ անգամ անոր հետ գեղ մը կը փախչեն, և դուն ալ կսպասես, որ կինդ գա։

— Ի՞նչ կըսեք։ Եթե այդպես է, չեմ ուզեր։

— Բայց կան ալ, որ վրադ կխենդենան։

— Եթե այսպես է, կուզեմ։

— Բայց կան ալ, որ ամիս մը իրենց սիրածին հետ կապրին և քու անունդ բնավ չեն տար։

— Եթե այնպես է, չեմ ուզեր։

— Բայց կան ալ, որ վայրկյան մը քովեդ չեն բաժնվիր։

— Եթե այսպես է, կուզեմ։

— Ասոնք ըսելուս համար ինծի բան մի՛ ըսեր․ վասնզի կան անանկներ ալ, որ թող կուտան իրենց կինը ուրիշի մը հետ սիրահարություն ընել և աղջկան հորմեն քիչ մը դրամ առնելով աչք գոցել։

— Իրա՞վ կըսեք․ անանկ էրիկ մարդ կը գտնվի՞ աշխարհիս վրա։

— Մազես շատ։

— Եվ այն տեսակ էրիկ մարդերու և կիներու երեսը ո՞վ կնայի։

— Ամեն մարդ․ կինը կարդարացնեն՝ ըսելով, թե սատանայե խաբված է, էրիկն ալ կը սրբացնեն՝ ըսելով, թե խեղճը չգիտեր յուր բռնած ընթացքը։

— Է՜, հիմա կը ճաթիմ․․․ չեմ ուզեր, չեմ ուզեր, թող մնա՛, իմ քաղաքս կը կարգվիմ։

— Բայց և այնպես անանկներ ալ կան, որ քեզի համար իրենց հոգին անգամ կուտան։

— Անանկ մեկն եթե գտնեմ, կը կարգվիմ։

— Ես անանկ մեկը պիտի գտնեմ քեզի․ իմ հարցունելս սա է, որ ձեր ինչ տեսակ աղջիկ ուզելը հասկնամ։

Ես ալ իրավունք կուտամ տիկին Շուշանին․ վասնզի ամեն օր այնպիսի ամուսնություններ կը տեսնենք, որք մարդուս զարմանք կուտան։ Ատեն մը հետաքրքրության համար կարգված մարդու մը սիրո կրկնատոմարը[1] գրեցի և տարեգլխուն հաշվեկշիռը[2] հանելով տեսա, որ մարդը սնանկացած էր բարոյականության մեջ։ Բարևս կտրեցի իրմե և սակայն մեծ զարմանքով տեսա, որ այդ մարդը մեծ պատիվ կը գտնե ընկերություններու մեջ և իբրև բարոյականի տեր անձ մը ամեն կողմե հարգանք կընդունի։ Հետաքրքրությունս ավելցավ․ հաշվեկշիռս նորեն աչքե անցուցի և դիտեցի, որ կինն, զոր ես այդ մարդուն


  1. Հաշվեմատյան։
  2. Բալանս։