ընկեր նշանակած էի, մայր հաշվույն մեջ դրամագլուխի կողմ անցած է էրկանը տետրակին մեջ։ Եթե օր մը սիրո տոմարակալություն[1] մը հրատարակեմ, մեծ հուզմունք պիտի պատճառեմ հաշվագետներու մեջ․ վասնզի ես շատ էրիկ մարդիկ գիտեմ, որոնք կինն իրենց սիրո հաշվույն մեջ ընդհանուր ծախքի կողմ կանցունեն, շատերը կարասիքի հաշվույն տակ կը գրեն, ոմանք ընդհանուր ապրանքի կարգը կանցունեն, ոմանք վճարելի թուղթերու և ոմանք ընդունելի թուղթերու հաշվույն մեջ կը նշանակեն։ Խիստ քիչ են այն նախանձելի ամուսնություններն, որոնց մեջ կինը էրկանը ընկեր կարձանագրվի սիրո տետրակին մեջ։
— Կարգվիլը շատ անուշ բան է,— հարեց սիրո միջնորդն,— քեզի հարմար աղջիկ մը գտա՞ր, ամեն օր արքայության մեջ ես․․․
— Ես ալ ասոր համար է, որ կարգվիլ կուզեմ։
— Կինդ բնավորությանդ չհարմարեցավ, ամեն օր դժոխքի մեջ ես, կրակներու մեջ կերիս։
— Ես ալ ասոր համար է, որ կարգվելու կը վախնամ:
— Նայեցե՛ք, ձեզի բան մը ըսեմ, աղա՛, հրամանքնիդ հարկավ մեծ տեղե մը աղջիկ կուզեք առնել, վասնզի դուք ալ մեծ մարդ մ՚ եք։
— Այո՛, այո՛, մեծ տեղե կուզեմ։
— Ես ալ քեզի մեծ տեղե մը աղջիկ կը գտնեմ, բայց հրամանքնիդ ֆրանսերեն գիտե՞ք։
— Մեծ տեղե աղջիկ առնելու համար անպատճառ ֆրանսերե՞ն գիտնալու է։
— Այո՛, վասնզի մեծ տեղի աղջիկներն ֆրանսերեն կը խոսին, և երբ կին մը յուր էրկանը չգիտցած լեզվով ուրիշի մը հետ կը խոսի, տակեն նախանձ կելնե։
— Ես ալ կը սորվիմ ֆրանսերեն։
— Բացի ասկից, երջանկությունը շատ քիչ կը գտնվի այն ամուսնության մեջ, ուր կնիկն էրիկեն ավելի բան գիտե։
— Այնպես է, ես ալ այն կարծիքին եմ։
— Հրամանքնիդ եվրոպական եղանակներեն բան մը կը հասկնա՞ք։
— Ամենևին բան մը չեմ հասկնար և մանավանդ թե կը ձանձրանամ։
— Ի՞նչ պիտի ընես ուրեմն, եթե կինդ ժամերով դաշնակի առջեվն անցնի և այդ նվագարանի վրա եվրոպական խաղեր զարնե։
— Թող չեմ տար, ես ձանձրույթ կիմանամ։
— Ան հաճույք կզգա։
— Կին մը ի՞նչ իրավունք ունի յուր էրկանը գլուխ ցավցունելու։
— Էրիկ մը ի՞նչ իրավունք ունի յուր կինն զվարճութենե զրկելու։
- ↑ Հաշվապահություն։