— Եթե գործը մինչև աս տեղվանքը պիտի գա, չեմ կարգվիր[1]։
— Չկարգվիլ չըլլար, միայն եթե պիտի ստիպվիս կնկանդ ճաշակին հարմարելու համար դաշնակ սորվիլ։
— Ես կրնա՞մ սորվիլ։
— Ինչո՞ւ չէ, մանավանդ թե ավելի դյուրին է քեզի դաշնակ զարնել սորվիլ, քան թե կնկանդ դաշնակ զարնելը մո՛ռնալը։
— Եթե այդպես է, ատոր ալ ճամփան գտանք ըսել է։
— Ասոնք ըսելուս պատճառն ան է, որ ես հոգիս սևցունել չեմ ուզեր․ ամեն բան առաջուց կըսեմ, որ վերջեն ինծի պատճառ չբռնեն։ Իմ ձեռքիս տակ ամեն դասե աղջիկ կա․ բարձր դասեն, միջին դասեն և ստորին դասեն․ այս երեք դասեն ալ ծախու ապրանք ունիմ․ հրամանքնիդ ձեր քսակին հետ խորհրդակցեցեք և ինծի ըսեք՝ սա դասեն կուզեմ։ Հայտնի է, որ բարձր դասը շատ սուղ է, միջինն՝ նվազ սուղ և ստորինն՝ աժան։
— Ես շատ աժան չե՛մ ուզեր։
— Շատ լավ․ աղջիկը ճերմա՞կ գույն ունենա, թե քիչ մը թուխ։
— Ճերմակ կուզեմ։
— Աչքերը սև՞, թե կապույտ։
— Եկու, տես, որ սևն ալ կը սիրեմ, կապույտն ալ․․․
— Կամ մին պիտի ըլլա, կամ մյուսը․ վասնզի չկրնար ըլլալ անանկ աղջիկ մը, որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը՝ սև։
— Կապույտ ըլլա թո՛ղ։
— Շատ լավ։ Հասակն և մազերը․․․
— Երկար, երկար։
— Մեջքը․․․
— Մեջքը բարակ ըլլա, բայց տկար չեմ սիրեր․ կուզեմ, որ քալած ժամանակը միսերը շարժին։
— Կը հասկնամ, այսչափը հերիք է․ ճիշտն ուզածիդ պես աղջիկ մը կա, որ շատ ալ պարկեշտ է և իրեն էրկանը համար հոգի տալ կերևա։
— Ես ալ անանկ մեկը կուզեմ։
— Թերևս վաղը քու անունդ իրեն ըսելուս պես վրադ սեր կապե։ Պատկերդ տուր, որ իրեն անգամ մը ցցունեմ։
— Պատկերս վաղը հանել պիտի տամ։
— Վաղը՞․․․ վաղը հանել տալու որ ըլլաք, ութը օրեն կառնեք, և ութ օր սպասե՞նք։
— Ինչո՞ւ սպասենք, վաղը կերթանք․ մեծ տեղե՞ն է աղջիկը։
— Այո՛։
- ↑ Ամուսնանալ։